Բանաստեղծում և ժամանակ


Ստեղծագործելիս Գրողի համար անհրաժեշտ երկու բան չեմ կարողանում անել՝ վերապատմել և հորինել:

Վերապատմելը տաղտկալի ու ապարդյուն գործողություն է: Ինչպե՞ս կարող եմ պատմել մի բան, որ կարող են պատմել բոլորը,- մտածում եմ, երբ ստեղծագործելու մտածված պահանջը բռնում է կոկորդիցս: Նաև չեմ կարող պատմել մի բան, որ եղել է արդեն, ապրվել: Չեմ կարող նկարագրել: Այն, ինչ պատմում եմ կամ նկարագրում՝ ստեղծագործություն չէ այլևս, այլ՝ վավերագրում: Դիտարկում: Փաստի արձանագրում: Մտքերի նախատեսված շարադրանքը դուրս է բանաստեղծելու արարողությունից:

(այստեղ մի բան եմ պատմել)

Հորինելը գուցե զվարճալի է, բայց անիմաստ: Հնարավոր չէ հորինել մի բան, որը գոյություն չունի: Ուստի հորինելը վերապատմելու այլափոխված տարբերակն է: Հորինելիս նույնպես վերապատմում ենք, միայն թե այս դեպքում հայացքն ապագայից անցյալ է ուղղորդվում: Հնարավորը դառնում է փաստ: Հնարավոր չէ բանաստեղծություն1 հորինել: Բանաստեղծությունը փաստ չէ:

(այստեղ մի բան եմ հորինել)

Ստեղծագործել հնարավոր է միայն բանաստեղծելով: Բանաստեղծել հնարավոր է միայն ստեղծագործելով: Բանի ստեղծումը պատմելու կամ հորինելու հավակնություններ չունի: Բանաստեղծողը ոչ հորինում է՝ ապագայից պատմում անցյալը, ոչ պատմում՝ ներկայից (անկայո՛ւն ներկայից, անգո՛ ներկայից, արդե՛ն իսկ անցյալ դարձած ներկայից, անցյալի՛ց) պատմում ապագան: Առավել ևս՝ բանաստեղծողը անցյալից չի՛ պատմում անցյալը: Բանաստեղծողը ապագայից ստեղծում է ապագա:
Այդ արարողությունը դուրս է սլաքաձև ժամանակի2 ընկալումից: Այն ընթանում է ժամանակային մի չափման մեջ, որի տարածական նմանակը կետ է: Խոշորացույցով նայելիս՝ շրջան: Անվերջ մեծ խոշորացույցով նայելիս՝ անվերջ մեծ շրջան: Կենտրոնում՝ հնարավորությունների անհնարին բազմազանությամբ: Կենտրոնը՝ կետ՝ ինքն է՝ շրջանը: Լաբիրինթոս, որի ցանկացած ելք միաժամանակ մուտք է:
Լաբիրինթոսի իսկությունը կարելի է ստուգել՝ բախվելով նրան: Փոխազդելով հետը: Վերցնելով և տալով: Մտնելով և ելնելով: Միաժամանակ:
Լաբիրինթոսի իսկությունը կարելի է ստուգել՝ վերադրվելով նրան: Համընկնելով: Երբ համընկնում ես լաբիրինթոսի հետ, վերանում է առեղծվածը:
Գրողի տեսանկյունից՝ գրելու պահին, համընկնումը մշտապես տեղի ունի: Բանի ստեղծումը շարունակական վերադրումն է լաբիրինթոսին: Մինչև ստեղծելու ավարտ՝ մինչև կատարյալ համընկնում: (Բանաստեղծողը չի կարող մասնակիորեն համընկնել ստեղծվող բանին): Նույնականացում: Այդ պահից ի վեր՝ ստեղծված Բանը բանաստեղծողի համար այլևս հորինվածք է կամ պատում: Այդ գետը արդեն հոսել է:
Այդ պահից ի վեր՝ ստեղծագործում է գիրը կարդացողը: Ընթանում վերադրվելու և համընկնելու ի՛ր ճանապարհով:
Կատարյալ ընթերցողը համընկնում է կատարյալ գրին: Կատարյալ գիրը փնտրում է կատարյալ ընթերցող: Կատարելությունը միակողմանի չէ: Միմյանցից առանձին՝ անիմաստ է խոսել կատարյալի մասին: Առանձին-առանձին՝ նրանք միշտ ճանապարհին են: Ընթացքի մեջ: Միշտ՝ մասնակիորեն վերադրվելով: Մասնակիորեն համընկնելով: Լրիվ համընկնումը կատարյալություն է:
Ցանկացած ստեղծագործություն հավակնում է կատարյալության:

1 «բանաստեղծություն» տեսքտում կիրառված է լայն իմաստով՝ ոչ թե «պոեզիա», այլ՝ «Բանի ստեղծում»
2 ոչ թե «ավելի մոտ» ապագայից «ավելի հեռու» ապագա, այլ՝ ապագա ապագայի մեջ

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Էսսե-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s