Ինքնաճանաչում


1. Ազատագրում

Առաջինը գիտեր, որ եթե իրեն ճեղքեն վերից վար, միջից լույս աշխարհ կգա երրորդը: Երրորդը կամ քնած էր, կամ արթուն: Երբ քնած էր լինում, առաջինը վերացնում էր նրա նախորդ արթնությունից մնացած հետքերը: Արթնանալով՝ երրորդը անդադար ճանկռտում ու բռնցքահարում էր, և առաջինը, չկարողանալով դիմադրել ներսից խեղդող երրորդին, անհարթ, խորդուբորդ պատերին էր քսում ճակատն ու կուրծքը՝ հուսալով, որ այդպիսով կխլացնի խորքից քայքայող քորի անտանելի աղմուկը: Երրորդը հազվադեպ էր երկար քնում, այնպես որ առաջինի ճակատի ու կրծքի վերքերը հազվադեպ էին փակվում, ավելի հաճախ չէին հասցնում չորանալ, շարունակ նորոգվում էին՝ արյուն ու մրմուռ թքելով: Առաջինը երջանիկ էր, երբ մոռանում էր դրանց պատճառն ու տարվում վերքերը բուժելով: Երջանիկ էր, երբ ինքնաբուժությամբ կլանված՝ մոռանում էր, որ բուժում է նորից բացելու համար:

Վերքերը ցավոտ էին, խոր: Առաջինը կարում-կարկատում էր պատռված մաշկը, երբ վերքերի պատճառած ցավը հաղթում էր ներսում մոլեգնող երրորդին, ու վերջինս անտեսվածությունից վիրավորված՝ քնում էր: Այս անգամ չհասցրեց: Երրորդը անհամեմատ զորեղ էր. երևի երկար էր քնել կամ աճել էր կաթիլ-կաթիլ, համբերատար՝ միանգամից դառնալով անճանաչելի: Նա այնքան ծվատեց, փորեց ու հարվածեց ներսից, առաջինն այնքան հուսահատ ու ինքնամոռաց քերեց ինքն իրեն պատերի վրա՝ երրորդին լռեցնելու մոլեգնությամբ տարված, որ դրսի ու ներսի ընդարձակված վերքերը հանդիպեցին: Ծաղկի պես բացված առաջինը երկատվեց, երրորդը անկասելի ուժով դուրս պրծավ բացվածքից, հետ շրջվեց ու նետվեց դեպի առաջինը: Սարսափած առաջինը հայացքը թեքեց ու վազեց՝ հետևից քարշ տալով արյունահոսող կեսին, թիկունքին փարված երրորդի շնչառությունից փշաքաղված:

2. Հետապնդում

Այն վիթխարի է: Անծայրածիր: Կկլանի, ինչպես ծովը՝ կաթիլին: Կայրի, ինչպես կրակը՝ օդին: Մենք չենք ուզում կորչել նրա մեջ: Մենք չենք ուզում մեռնել: Մենք ուզում ենք ապրել: Թեկուզ այսպես՝ մշտական վախի մեջ: Թեկուզ այսպես: Մշտական փախուստի մեջ: Առանց կանգառների, անդադար: Անհանգիստ: Հետ մի՛ նայիր: Վազի՛ր:

Մենք միշտ միասին ենք: Անբաժանելի: Երկուսով: Անմասնատելի: Կապված իրար: Անտեսանելի պորտալարով: Անտեսանելի է, բայց կա՛: Հազար անգամ նետվել ենք տարբեր ուղղություններով: Հազար անգամ փորձել ենք մոլորեցնել Նրան: Հեռանալ միմյանցից: Խաբել Նրան: Հեռանալ Նրանից: Ի վերջո, գուցե մեզանից միայն մեկին է Նա ձգտում: Թող ինքը ընտրի՝ ում: Չի՛ ստացվում: Լարը կա: Պորտալա՞ր է: Հոսանքատա՞ր: Ոչ ոք չգիտի: Մենք չգիտենք: Գիտենք միայն, որ որոշակի հեռավորություն չենք կարողանում հաղթահարել: Անտեսանելի, լարված ձեռքերը թույլ չեն տալիս: Երբեմն նույնիսկ մեզ շպրտում են միմյանց ընդառաջ: Գլխակորույս՝ վերսկսում ենք վազքը: Նրա ստվերը միշտ մոտ է, շա՛տ մոտ: Միշտ սպառնում է: Խավարեցնում լույսը: Կուրացնում: Աչքերս չորս արած՝ նրա ստվերն ենք փնտրում: Առաջ նայելը դժվար է: Նա թիկունքից է հետապնդում: Երբեմն շրջանցում է մեզ: Երբեմն կանխում է մեզ: Վազում ենք ու հանկարծ վիթխարի ստվերը ցցվում է դիմացից: Կողքից: Շուրջբոլորը: Թակարդում է մեզ: Մենք հետ ենք շրջվում ու նորից վազում: Միայն թե ստիպված չլինենք նայել Նրան: Միայն թե չտեսնենք Նրան: Միայն թե չճանաչենք Նրան: Ո՛չ: Ո՛չ:

Մենք գիտենք Նրան: Չենք տեսել, բայց կրել ենք: Այդ նա է՝ երրորդը: Նա միշտ է հետևել մեզ՝ երկուսիս: Ի սկզբանե մեր ներսում էր: Մերը չէր: Եթե մերը լիներ՝ կմնար ներսում: Դուրս եկավ: Վազիր: Փախիր:

Նա ուզում է ընկնել մեզ վրա: Ճզմել մեզ: Տափակեցնել: Ծածկել իրենով: Մեզ դաջել իր վրա: Կլանել մեզ: Ձուլել: Նա ծանր է: Ստվերը պատի է նման: Անսկիզբ: Անվերջ: Թիկունքից հետևող: Հետապնդող պատ:

Հասնում է: Մոտ է: Մոտ: Մոտ: Վազիր: Վազի՛ր: Մոտ է:

Մենք սայթաքում ենք: Չենք կարողանում վազել: Ընկնում ենք: Ծնկում ենք: Նա շրջապատում է մեզ: Մենք շրջվում ենք: Միայն թե չտեսնենք Նրան: Չճանաչենք: Ինչո՞ւ ենք շրջվում: Շուրջբոլորը Նա է: Ամենուրեք Նա է: Ո՞ւր նայենք: Նա սևեռուն մեզ է նայում: Նա ուզում է իշխել մեզ: Հնազանդեցնել: Կործանել: Ո՞վ է նա: Նա՞… Հայելի՞… հայելի՞…

3. Միավորում

Վերջապե՜ս: Այս անգամ հասա: Ինչո՞ւ էր նա փախչում ինձանից: Խուճապահար: Խելակորույս: Ցավալի էր տեսնել՝ ինչպիսի կամազուրկ վախով էր լցված: Ուրացած ինքն իրեն, մոռացած իր սկիզբը: Երկատելով ինքն իրեն, փախչելով ինքն իրենից: Ինչո՞ւ: Ինչո՞վ եմ նման վախ ներշնչում: Նա այնպես սարսափահար է: Կարելի է մտածել, որ ինձ հրեշ է համարում: Ուրեմն նա նույնպես հրեշ է: Չէ՞ որ ոչնչով չեմ տարբերվում նրանից: Նույնիսկ արտաքինով: Տե՜ր իմ: Երկվորյակ իմ: Այդ ե՛ս եմ: Ես, այսինքն՝ դու: Քո ծնունդը, քո վերածնունդը: Քո հայելին, քո հայելապատկերը: Հասա քեզ: Գտա՛ քեզ: Ընդունի՛ր ինձ: Այդ ես եմ՝ դու: Մենք նույնն ենք: Մենք ես ենք: Մեզ այլևս ոչինչ չի բաժանի:

* * *

Հիմա, երբ ճանաչեցի նրան, ճանաչեցի ինձ: Այժմ մենք միավորված ենք: Ես այն եմ, ինչ կա իմ մեջ, և այն, ինչ դուրս է գալիս ինձանից: Այդ ամենը ես եմ:

ՀԳ: Առաջին-երկրորդը ճանաչեց երրորդին, ընդունեց երրորդին, միացավ երրորդին: Խաթարված կարգը վերահաստատվեց: Այժմ նրանք մեկ են՝ կատարյալ ամբողջություն: Սակայն դա չէր կատարվի, եթե առաջինը չհանձնվեր, եթե երրորդը դուրս չգար:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Պատմվածք-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s