պատահական, չափազանց պատահական մտքերի հոսք


Իտալերենս գոնե մի քիչ զարգացնելու ավելի ալարկոտ-հեշտ-արդյունավետ ձև չգտա, որոշում եմ գիրք կարդալ՝ պարզ, թեթև ու գրավիչ այնքան, որ նույնիսկ դանդաղ կարդալիս անհամբերությունից կիսատ չթողնեմ, ուրիշ լեզվով կարդամ: Ուրեմն պիտի նաև այնպիսի գիրք լինի, որ ուրիշ լեզվով չճարվի դժվար ճարվի: Երկար-բարակ փորձել-կիսատ թողնելուց հետո հիշում եմ, որ մի օր հոգնեցուցիչ թափառումներից հետո, վերջապես, իտալերեն գրքերի մեծ շտեմարան էր պատահել, որտեղից ահագին բան քաշել էի: Ցուցակից ընտրում եմ ամենապարզ («մանկական») ու ամենակարճ (մոտ 17.000 բառ) գիրքը՝ Յոստայն Գորդերի «Բարև, ո՞վ կա»-ն (C’è nessuno?), սկսում եմ կարդալ, պարզ ու խոր շարադրանքը, նուրբ հումորը առաջին տողերից այնքան է գրավում, որ մտածում եմ՝ մեղք կլինի չդնել Վիքիքաղվածում: Մի հատված թարգմանում եմ սովորական հավերի մասին, հետո մտածում եմ՝ հեղինակի մասին շատ կարճ է գրված անգլերեն Վիքիպեդիայում, ոչինչ, դա էլ թարգմանեմ, գիրքն էլ մի-երկու օր ուշ կկարդամ, սկսում եմ թարգմանել, նայում եմ՝ նորվեգերեն հոդված չկա հայտնի նորվեգացի գրողի մասին, այս քեզ բան, ոնց կլինի՞, մկնիկակտտոցներից հետո պարզվում է, որ նորվեգերենը երկու գրական լեզու ունի՝ նինորսկ և բուկմոլ (ինձ հույս եմ տալիս, որ այստեղ եթե գրեմ, չեմ մոռանա հերթական պատահական իմացությունը), գրողի կաղապարը պատճենելու համար պատահական մտնում եմ Վախթանգ Անանյանի էջը, այստեղից պարզվում է, որ երկուսն էլ տարվա նույն օրն են ծնվել, այստեղից հիշում եմ, որ երեկ Պոլ Վալերին ասաց, որ

«Պարոն Տեստը ծնվել է պատահականությունից: Ինչպես բոլորը: Ամեն միտք, որ նա ունի կամ ունեցել է, գալիս է այս փաստից»,

իսկ ես մտածեցի, թե իրոք, ինչ աննշան պատահականություններից է կյանքս կյանք դառել, իսկ ես՝ ես, էս միտքը հիշելուց հետո հիշում եմ, որ առավոտյան RSS-ով կարդացել էի Չվհատվողի պատահական գրառումը ու էլի Պարոն Տեստի պատահական ծնունդն էի հիշել, գնում եմ գրառումը նորից կարդալու, կարդում եմ մեկնաբանությունը ու հիշում, որ պստիկ Հովակի՝ «ինչպե՞ս կարող ենք ասել, որ հավը սովորական բան է», հարցը լսելիս մտածել էի, որ սովորականը նույն պատահականն է, սովորական բաներ չկան, ուրեմն պատահական բաներ չկան, այստեղից հիշում եմ, որ Ռիչարդ Բախը գիրք ուներ՝ «Ոչինչ պատահական չէ» վերնագրով, որը չեմ կարդացել, բայց վերնագիրը մնացել է մեջս, որովհետև, երևի, ծնվել եմ «պատահական թե՞ չպատահական» հարցի հետ, մտածում եմ՝ չբռնե՞մ պատահական կարդամ այդ գիրքը, եթե կարդամ, կարդալս կլինի՞ պատահական թե՞ չէ, այստեղից հիշում եմ սիրածս փիլիսոփային՝ «թույլ տվեք դիպվածը մոտենա ինձ. նա անմեղ է, ինչպես մանուկ»: Հովակը մանուկ է, պատահական գրքից, իմ կարդացած բոլոր գրքերը պատահական են, ես պատահական եմ, եթե պատահական եմ՝ ուրեմն հնարավոր է՝ այլ լինեի, ամեն ինչ հնարավոր է, պատահական բաները հնարավոր են, ուրեմն՝ հնարավորությունների դաշտ եմ, այստեղից՝ ակամա և ոչ պատահական էլի հիշեցնում է Պարոն Տեստը.

Այն ամենը, որ անում եմ և մտածում, Ցուցանմուշն է իմ հնարավորի:
Մարդն ավելի ընդհանուր է, քան իր կյանքն ու գործողությունները: Նա ասես ավելի նախատեսված է հնարավորությունների համար, քան դրանց մասին կարող է իմանալ:
Իմ հնարավորը երբեք չի լքում ինձ:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s