ծիրանհասուկ


Խուլ բզզոցով ներս թռավ բաց դռնից ու ականջիս տակով թմփաց բարձիս: Եկել էր մեռնելու:
Պառկած կարդում էի, վեր թռա: Անհարմար դիրքով էր ընկել ու հիմա փորձում էր շրջվել տոտիկների վրա. արդեն կիսով չափ հաջողվել էր:
— Վա՜յ,- ասացի,- ինչ էլ տեղ գտար: Բա հիմա ես քեզ ի՞նչ անեմ, բալկոնից շպրտեմ թե՞ լուսամուտից:
Ձախ ձեռքի բթամատով ու ցուցամատով բռնեցի գլխարմատից, սկսեց ճվծվալ, թույլ, վհատ, ոտքերն այնքան անզոր էր շարժում, որ նույնիսկ ղդիկ չէր տալիս:
— Աչքիս ժամանակդ հաշված ա:

ծիրանհասուկ

Ու չնայած սուր կարեկցանքով լցվեցի, բայց չկարողացա դիմանալ գայթակղությանը: Խեղճին, հավանաբար, մի քանի ժամ էր մնացել ապրելու, բայց առանց տանջալից ֆոտոսեսիայի հոգին չազատվեց:

ծիրանհասուկ

Նրանց «Ծիրանհասուկ» էինք ասում: Միշտ ծիրանի ամենահամով սեզոնին էին երևում-անհետանում: Տուն էին մտնում դռնից ու պատուհանից, ոտքի տակ ընկնում փողոցում, ծառից ընկնում վայր, հաճախ՝ գլխներիս: Նրանց անբացատրելի վարքն ու դանդաղկոտ, չարչարանքներով լիքը որոնումները բացատրելու համար պատասխաններ քիչ ունեինք: Թվում էր, թե դմբլո են ու ծանրաշարժ, բայց հետն էլ՝ խիստ զգայուն. մարդու մատների թեթև հպումը հազիվ ճաշակած՝ էմոցիոնալ այնպիսի ճվվոց-ծվվոց էին դնում, որ հաճախ բաց էինք թողնում: Գրեթե մարդկային ձայնով բողոքում էին:

Պատահում էին լորի ձու հիշեցնող նախշերով, պատահում էին մուգ շագանակագույն զրահով, սակայն վերջիններիս ծիրանհասուկ չէինք ասում: Նրանք անուն չունեին:

ծիրանհասուկ

Հետո, չեմ հիշում ոնց, մի օր ինքնըստինքյան հասկացանք, որ սատկելու ժամանակ են մարդու հանդիպում: Թե մինչ այդ ինչ են անում, որտեղ ապրում ու սնվում, ինչ բզզոց ու ճվճվոց արձակում՝ չիմացանք մանկությունից:

Նկարելիս զգում էի, թե ոնց է արագորեն թուլանում: Սկզբից ձեռքիցս պրծնելու հուսահատ, բայց չնչին ջանքեր, իսկ հետո արդեն՝ վերջին հույսն էի, ձեռքիս վրայով դանդաղ փնտրում էր դուռը կամ մահը:

— Հիմա ես քեզ ի՞նչ անեմ,- ապարատի բռնկումներից տանջահար բզեզին դիմեցի ես: Խիղճս սկսեց տանջել, երբ նկատեցի, որ մի ոտքն էլ պոկվել է: Չնայած շատ զգույշ էի:

Բայց նա արդեն թեկուզ շշուկով ճվծվալու ուժ չուներ: Սառել-քարացել էր համարյա: Մտքովս չէր անցնի, որ բզեզները սառելով են մեռնում:

Բաց թողնեմ բալկոնից՝ իմաստ չունի, թողնեմ սենյակում՝ մեկ էլ տեսար միամիտ ճզմվեց, հանեմ միջանցք՝ էլի նույնը:

— Արի, իմացա ինչ անեմ:

Տարա խոհանոց, դրեցի ծիրաններով լիքը արկղում:

— Դե գնա մեռի քո համար:

Մի քիչ աշխուժացավ, ինչ-ոչ բան ծվճմաց ու էլի անշարժացավ:

Գնացի գրքերս փորփրելու՝ մտատանջված, որ մինչև հիմա նրանց մասին ուրիշ ոչինչ չգիտեմ՝ «ծիրանհասուկ» անվանումից ու մանկության հիշողություններից բացի:  Սովետական հանրագիտարանում, Բզեզներ հոդվածի պատկերազարդման մեջ («պատկերազարդումը տես 280 էջից հետո՝ ներդիրում» -ի՜նչ մոգական, աշխարհի ամենասիրուն նկարների դուռը տանող բառեր էին դրանք մի ժամանակ), գտա մյուսին՝ որ անուն չուներ: Ի մեծ զարմանք ինձ՝ մայիսյան բզեզն էր: Այ քեզ բան, քսան տարուց ավելի է՝ մայիսյան բզեզն ինձ համար էն  կանաչ-փայլփլուն, մանր ժուկերն էին, որ հավաքում էինք հիմնականում նանայի տերևների վրայից, երբ ձագ էին: Մոտ 0,5 սմ և ավելի փոքր, նույնիսկ թրթուրներից չէինք խորշում:  Մեծերին հազվադեպ էր հաջողվում բռնել: Ականջներիս մեջ դրանց թռիչք-թևերի ձայնն է:

«Մելոլոնտհա հիպպոկաստանի, մելոլոնտա հիպպոկաստանի» կրկնելով ու melolontha hippocastani պատկերացնլով՝ փակեցի հանրագիտարանը, վերադարձա խոհանոց՝   գուգլին հարցուփորձ անելու: (Չէ, գուգլը մեր խոհանոցում չի բնակվում 🙂 ): Սիրտս ծիրան ուզեց — աչքս տեսել էր — մոտեցա արկղին, մի ծիրան ընտրեցի, խորքից կարճ, ծանոթ ճվծվոց լսվեց:

Հիմա, երևի, էլ չի լսվում:

Այսպիսի տեսք ունեն, երբ կենսախինդ են ու մուննաթով ճվծվալու ուժերը դեռ չեն կորցրել: Շերտավոր բազմաբեղիկները լայն փռած-տարածած: Երբ նվաղում են, բեղիկները փակվում են: Կամ էլ փակում են, որովհետև էլ պետք չի, թռչելուց է պետք գալիս:

Իսկ իմ իմացած մայիսյան բզեզը, փաստորեն, ոսկեփայլ բրոնզաբզեզն է: Զատիկը, էլ չասեմ, յոթկետանի կարմրիկ:

Հիմա, փաստորեն, Անդերսենի հեքիաթները պիտի նորից կարդամ: Ճիշտ  Ծիրանհասուկ-մայիսյան բզեզ պատկերացնելով:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s