Արարատ. գնալն ու գալը: Օր առաջին


Գևորգ Արևիի հետ բարձրացանք Մասիսի գագաթը:  Փորձեմ ինչքան հնարավոր է կարճ գրել-նկարագրել 🙂 Կապույտ ֆոնին սպիտակ տառերովը ճանապարհային ցուցանակներ են, նարնջագույն տառերովը՝ միկրոավտոբուսում հնչած երգերը: Շեղատառով օրագրային քաղվածքներն են:

Նախապատրաստություն

Արարատի գագաթ երազել եմ բարձրանալ վաղուց: Չեմ հիշում՝ երբ է արմատավորվել այդ երազանքը: Երկար ժամանակ այն ինձ համար պարզապես մեկն էր բազմաթիվ մտքերից, որոնք կրկնում-մտածում է մարդ, բայց իրականացնելու ուղղությամբ ոչինչ չի անում, որովհետև չափազանց «բարձր» է թվում հասնելու համար:

Ուսանող էի. մեր, այսինքն՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոսներից մի քանիսը բարձրացան Արարատ, վերադարձան, պատմեցին: Առաջին անգամ տեսա և լսեցի Արարատից իջած մարդու:  Եթե նրանք կարողացել են, ես էլ կկարողանամ. այդ պահից Արարատ բարձրանալը դարձավ հնարավոր ճանապարհ, չնայած մնաց հեռավոր ու անհասանելի:

Անցած տարի՝ 2012-ին, Գևորգի հետ Աժդահակ գնացինք՝ արշավի: Ճանապարհին ասաց, որ Արարատ է տանում: «Մյուս տարի անպայման ես էլ կգամ»,- ասացի՝ առանց հավատալու իմ ասածին, անհնարին ցանկությամբ լցված:

2013-ի փետրվարն էր. Գևորգը Արևիի խմբում Արարատ գնալու հրավերը տեղադրեց: Ընկերներով նստած խմում էինք, խոսում դեսից-դենից, Արարատ գնալուց:  Բախտի բերմամբ թե պատահմամբ հանդիպեց-միացավ  Գևորգը:

— Ես էլ եմ գալիս,- ասացի՝ էլի առանց հավատալու ինձ:

— Հա՞, գիտե՞ս, չէ՞, մի տեղ ա մնացել:

— Գալիս եմ, դե այսինքն, ինչքան հնարավոր ա կես տարվա կտրվածքով հաստատ բան ասել՝ գալիս եմ:

Եղբայրս. «Չէ, դու լրիվ անուղղելի ես»: (Դե հա, հո 2008թ. չի՞, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի տոմսերին ի տես գոռգոռա, դառը փորձը ցույց է տվել, որ գոռգոռոցով հարց չի լուծվում):

Պապաս. «Չի՞ լինի՝ մյուս տարի գնաս»:

— Ես ի՜նչ իմանամ՝ մյուս տարի ինչ կլինի: Համ էլ ես որոշել եմ մինչև 30 տարեկանս գնամ, էս տարի վերջին տարին ա:

Մամաս. «Ախչի՜, բա որ մրսես»:

Մայիսի մեջ Գևորգը հանդիպում կազմակերպեց գնացողների համար, մանրամասն նկարագրեց ճանապարհը, պայմանները, պահանջները, տեստային լեռներ բարձրանալու անհրաժեշտությունը. Արա, Աժդահակ, Արագած:

Դրանից հետո լցվեցի անհամբեր-անտանելի սպասումով. մի զգացում, որ վաղուց չէի ունեցել: Օրերն էի հաշվում ու կամաց-կամաց պատրաստվում:  Վախենում էի, որ շունչս չհերիքի 4000մ-ից վերև. դրանից բարձր չէի եղել: Վախենում էի, որ մինչև գնալս կվնասեմ ձեռքս կամ ոտքս: Վախենում էի, որ անհրաժեշտ գումարը չեմ կարողանա հավաքել:  Վախենում էի, որ պատերազմ կսկսվի կամ գլոբալ տաքացում: Մի խոսքով՝ դողում էի սպասումիս վրա, ինչպես երևի մեկ էլ բուհական քննություններին սպասելուց էի դողացել:

Հասանք հուլիս: Աշխատանք, գրքեր, կենցաղ, առօրյա-հոգնություն, դու դրանց արանքում մշտապես ճառագող միտք՝ օգոստոսին Արարատ եմ գնում:

Հուլիսի 31 (գոնե 30 լիներ),  օգոստոսի մեկ, երկու, լույս երեքի գիշեր: Պառկում եմ՝ գոնե մի երեք ժամ քնեմ: Մի ժամի չափ վախկոտ մտքեր՝ բա որ գնամ ու չկարողանամ, բա որ գնամ ու չբարձրանամ, բա որ, բա որ… Վերջապես հիշում եմ Ֆրիդրիխ Զրադաշտին՝ «Թույլ տվեք դիպվածը մոտենա ինձ. նա անմեղ է, ինչպես մանուկ», համեմում «Եղիցի կամք քո»-ով, և ինքս ինձ համոզելով, որ ասողները մի բան գիտեին, որ ապագայից ձեռ քաշած ապրում էին, կես-խաղաղված քնում եմ:

Օր առաջին

Ճանապարհ: Կիսաքուն, կիսարթուն մտքեր՝ սարսափելի-անսովոր,  գրավիչ-ծանոթ, կես-գիտակից, կես-ենթագիտակցական խաղերով: Գրիչ, որ բռնել է ավտոբուսի ընթացքից անդադար ցնցվող ձեռքը, հետք, որ թողնում է գրիչը.

Արևածագին
որտե՞ղ կլինեմ.
գունատ երկինքը
մութ ամպերի տակ
կվառվի դանդաղ,
մութը կփակվի
լուսաբացի ցուրտ,
թափանցիկ օդում,
լուսնի մահիկը
կլուծվի երկար
կոպերիս ծանր
վարագույրից դուրս
:

Միայնությունը մեր հոգիների, միայնությունը մեր մարմինների՝ ծվարած ավտոբուսի նստարաններին:

Միայնությունը բացառում է ամեն ինչ: Բացի իրենից:

Լուսացավ:

Վառված արևադեղին խոտին՝ դեռ գիշերվա գույները պահպանած մութ ծառեր:

05:43

Լուսացավ:

Քնեմ մի քիչ:

Չեմ քնում:

Արևագույն բլուրներ՝ պուանտիլիստական թփերով ու քարերով, խորդուբորդ կորություններով, կանաչի ու հարդի գունախաղով ընդհատված կորություններով: Գեղամա լեռների «վկաներից»՝ ծաղկաթափ եղած, չորանալու ճամփին:

Գեղամա լեռների վկաները,- ըստ Սոնայի

Գեղամա լեռների վկաները,- ըստ Սոնայի

Բույսերն ունեն իրենց ճանապարհը՝ սերմից մինչև սերմ: Neverending story, Eve.

Մանդելշտամը, երևի, այս գույներն է տեսել:

It’s a sad, sad situation,- բարձրաձայնում են դինամիկները:

Բնակավայրերի ցուցանակներ չեն հանդիպում: Քնե՞մ, թե հարցնեմ Մարտին Թաթոսիչին՝ որտե՞ղ ենք: Մոթել-պանդոկ է սլանում՝ «Հոպոյի մոտ»:

05:56

Կատարյալ լուսացավ: Արևը գալիս է: Արևը ճանապարհ է ընկնում գիշերով և տեղ հասնում արևածագին՝ չուշանալով ոչ մի ատոմ ժամանակի տարածության մեջ:

Թալին-Գյումրի: Վերջապես ցուցանակ: Քունս փախավ: Արևը դարանակալել է Արագածի թիկունքում: Մրսում եմ:

— Մենք ո՞ր գագաթն էինք բարձրացել:

— Ամենաաջի:

7:30

Բավրա: Թռչուններ՝ Էլենի սիրած ծիտիկներից: Ու սերմնագռավնե՞ր: Մառախուղ: Ոնց որ արև ծագած չլինի:

8:24

Դուրս ենք գալիս վրացական անցակետից: Մառախուղը վազում է:

Աթարի ամրոցներ:

Գյուղեր:

— Ջավախքն ա, չէ՞:

— Հա:

— Էլի Հայաստան ա:

— Հա, բայց վրացիք են տիրություն անում:

— Է, թող անեն: Լա՛վ են տիրություն անում:

Գյուղ՝ շատ հին տներով, տեղ-տեղ քանդված: Աթարի կույտեր: Ամեն տան ճակատին՝ կլոր անտենա՝ Global TV:

Բնակավայրերի անունները չեմ հասցնում կարդալ:

Ninotsminda.
08:40: Կապը կորավ: Վիվասելի:

Կարտոֆիլի հողամասեր: Գյուղական զուգարաններ: Դրանցից էլ չէի հրաժարվի:

Ցուցանակներ՝ Венок, Պսակ: Մեսրոպ Մաշոցի արձան: Անի մարկետ: Հայատառ անուններով փողոցներ՝ Ազատության, Ձերժինսկու:

էլի ցուցանակ՝ Դագաղ և  Պսակ:

Արթուրը խաղաղ քնած է: Как простое стекло. Արսենն էլ: Что нам ветер. Երկուսն էլ՝ պաշտպանված սեփական երաժշտությամբ: Միացնե՞մ հեռախոսս, թե՞ խնայեմ լիցքը:

10:10

Դուրս ենք գալիս Ախալցխայից:Պատուհանդ բաց արա, մարմար մարմինդ տեսնեմ: Հա, բայց գլուխս մի տար:

12:25

Վալիի անցակետ: Անխնամ, կեղտոտ, իրենց նման:

Մեքենան «մաքսազերծելու» համար Գևորգը պետք է տաքսիով գնա մոտակա քաղաքը, այնտեղից ինչ-որ թուղթ բերի, որ բաց թողնեն:

— Դե, էս կետից հիմնականում հայերն են գնում, դրա համար ա էս վիճակը:

«Նայող» կա, մոտենում է, օրինականացված լևի   օգնություն առաջարկում: Մերժես՝ գլխիդ մի բան կսարքեն, ընդունես՝ ավելի երկար ես սպասում, քան մեքենադ թողնեիր, գնայիր կողքի քաղաք, թուղթը ձևակերպեիր, վերադառնայիր: Հակոբի՝ վարորդի, թուրքերենը օգնում է բանակցությունններին, բայց ժամանակ շահելու տարբերակ չկա:

— Վայ, թքեմ ես ձեր երեսին, կներեք վատ խոսքի համար:

— Մենք համամիտ ենք:

Դեղձ ենք ուտում՝ հյութեղ, հայկական, «սրբի կոկորդիդ փոշին»,- ասում է Մարտին Թաթոսիչը: Վերջապես ազատվում ենք անցակետից: Արդահանի շրջան: Առաջին մզկիթը:

Գևորգը, երևի, եղեռնաթերապիա է անցկացնում: Դեր-Զոր քշվեցին բյուրավոր հայեր: Դիմանալ չի լինում: Ինչո՞վ խցկեմ ականջներս: Շավելա Վարգաս:

Ցուցանակ՝ Dalma Ardahan. Սասմա սարեր մշուշ է: Ես չափազանց զգայուն եմ, թե՞ չափազանց անզգա, որ չեմ կարողանում հանդուրժել այս երաժշտությունը:

12:56

Ցուցանակ՝

Damal 26

Ardahan 70

Էրգրի կարոտով մեռան շատերը, վայ, հեռախոսս կնստի, հենց ձայնը կտրում եմ՝ ռազմահայրենասիրական ողբը լցվում է ականջներս: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ:

13:46

Քնել էի

Susuz 51

Kars 77

Կանգնեցինք: Ուտելու: Ուռա՜:

Կանգառ Արդահանի շրջանում

Կանգառ Արդահանի շրջանում

14:27

Dozeli

Խոտհարքներ, խոտհարքներ, խոտհարքներ:

Չքնաղ մշակված դաշտեր: Թուրքի քրդի ձեռքով: Արագ սահող ամպեր: Ավտոբուսից արագ: Մինչև խոտերը իջած ամպեր: Հնձվորներ: Դեզեր: Կապույտ ու կանաչ խոտ: Ջուր կրող կանայք՝ ուսերից կախված դույլերով: Լծափա՞յտ էր անունը: Չէ: Չեմ հիշում: Նախիր: Կանաչի բոլոր երանգները:

տեսարան ճանապարհից

տեսարան ճանապարհից

KARA YOLLARI
14:45

Ամեն ինչ հմայիչ է, քանի դեռ չես կրկնում, որ այն ամենը կարող էր քոնը լինել: Որ այս ամենը քոնն էր: Ի՞նչ տարբերություն՝ ի՞մը, թե՞ նրանը: Հարցերի հարց: Ես-ը սահմանող հարց:

Ճանապարհի աջից նոր ճամփա են փռում: Ասֆալտող մեքենաներ: Խոտի դեզեր: Susuz. Ջան, ջան, ջան, մարալ ու հայվան:

Արևածաղիկներ: Մուգ կեղևով, քիչ երկարավուն ձմերուկներ:

SUSUZ

KARS 26

Շոգն արդեն նեղում է: Գեղամա լեռների վկաներից: Չոր ու սուրուլիկ: Սարի սմբուլ:

Կարս, ձախ շրջադարձ՝ Անի: Վայ մեր, դու միակն էիր, ինչպես Հայաստանը: SEHIR MERkEZI, ցուցանակի կողքին՝ մեքենա՝ ZABITA. «… զաբիթեների ու քրդական հրոսակների միջոցով…»: Հայը մնում է հայ, մենք ենք, մեր սարերը մեր:

Երվանդաշատը սահմանի այն կողմից

Երվանդաշատը սահմանի այն կողմից

16:42 Երվանդաշատ: Կանգառ: Զանգում ենք հայրենական կապով:

Այս ծառերը, աշխարհի որ ծայրում էլ լինեին, կմտածեի, որ իմն են: Բացի Թուրքիայից: Բացի Հայաստանից:

Հայրենիքի պատմականը ո՞րն է: Հայրենիքը կամ ներկա է, կամ ոչ: Ապագա հայրենիքը ավելի հայրենիք է, քան անցյալը:

Մասիսը երևաց: Փակ է:

Բարդիների անտառ: Խիտ:

Քնել եմ: Երբ արթնացա, արդեն Բայազետին մոտ էինք:

Hotes Isfahan.

Դիմավորում են: Նարե՜կը: Բարձրացել է Սիս, վերադարձել Բայազետ, մեր գալուն է սպասում, որ Մասիս բարձրանանք:

Օգնում են  բեռները տեղափոխել: Ծանոթանում ենք հյուրընկալի հետ: Ագա; Թուրքի նման չի, կամ էլ նման է. միթե՞ կարող ես թուրքի նմանեցնել: Հետո կիմանանք, որ լեհուհի է: Ուղեկցորդն է գալիս քիչ անց: Սաֆեթը: Գրանցվում ենք, բարձրանում համարները:

Փողոցը Իսֆահան հյուրանոցի բալկոնից

Փողոցը Իսֆահան հյուրանոցի բալկոնից

— Վայ, մամա ջան,- ասում է Հասմիկը՝ Սիսիանում լավագույն հյուրանոցի տնօրենը,- ես ըսենց հյուրանոց ունենամ, առաջին հերթին աշխատողներս կփախնեն:

Փոշի, անփությություն: Օճառ չկա, շամպուն չկա, տաք ջուր չկա:  Բայազետի լավագույն հյուրանոցն է, այնուամենայնիվ:

Մի կերպ լողանում ենք սառը ջրով, իջնում ներքև:

— Վթար է,- բացատրում է Ագան,- վաղը ջուր կլինի:

— Առավոտյան կլինի՞: Մինչև գնալներս:

— Կլինի:

Իսֆահան հյուրանոց

Իսֆահան հյուրանոց

Ագան ու Սաֆեթը մեզ ռեստորան են ուղեկցում: Սեղմված փողոցներ, ասես հենց իրենց բնակիչների մեջ մոլորված: Բայազետը՝ խայտաբղետ ու միօրինակ, ինքն իր մեջ խճճված, հողե տնակների դարում մնացած ու բարձրահարկ շենքերի մեջ կորած:

Մարդիկ հիմնականում կոպիտ են, անդուր դիմագծերով:  Ագայի ընկերը, թե՞ ամուսինը՝ Սաֆե՞թ, թե՞ Սաֆաթ, մինչև գնալս կսովորե՞մ անունը, հաճելի բացառություն է:

Կարճլիկ խոսակցություններ:

— Գիտեք, Կարսը նման չէ մյուս թուրքական քաղաքներին,- ասում է Ագան:

Ափսոս, անգլերենս հարցեր տալու համար է հերիքում:

Մտնում ենք ռեստորան, տեղավորվում:

Բայազետում, ռեստորան

Բայազետում, ռեստորան

Խոհարարը գալիս է՝ սկուտեղի վրա բերելով շամփուրի քաշած մսեղեն:

— Անգլերենս հասկանո՞ւմ եք,- իմ ակցենտից էլ անտանելի ակցենտով հարցնում է նա ու սկսում հերթով վեր բարձրացնել շամփուրները:

— Քյաբաբ: Խառը մսերից: Ո՞վ է ուզում: Քանի հատ:

— Տավար…

— Ոչխար…

Ախորժալի չէ,   զավեշտալի է: Բանջարեղեն եմ ուզում: Շատ համով պիցա են բերում:

— Մի հատ էլ հավի թևիկներ բերեք:

— Բայց դուք ո՜նց կուտեք էդքանը,- բացականչում է խոհարարը,- ձեր փորը կդառնա ա՝յ էսքան:

Ծիծաղում ենք:

— Կկիսվենք երկուսով:

Ճակնդեղի հյութ՝ կծաթթվաշ: «Ուռած» հաց՝ տաք, համեղ:

«Ուռած» հաց Լուսանկարը՝ Հասմիկ Ասատրյանի

«Ուռած» հաց
Լուսանկարը՝ Հասմիկ Ասատրյանի

Անհամ գարեջուր:
— Թուրքիայի լավագույն պիվան,- ասում է Նարեկը,- միակը:

Ասում-խոսում ենք, ուտում խմում: Վերադարձին ինտերնետ ակումբ ենք մտնում: Տղաները օգնում են տեղավորվել: Սաֆեթը շարունակ աչալուրջ է. օգնե՞մ, հարցեր չկա՞ն:

Երեք անգամ փորձում եմ յահուի մեյլ մտնել: Ապարդյուն:

— Սաֆե՜թ:

Սաֆեթը նայում է մատներիս վազվզոցին ու հայացքս շրջել տալիս թուրքական ստեղնաշարին:

— This is “i”.

— Վայ ես ձեր,- գռմռում եմ ես:  Արդեն ուշ է. յահուն captcha է ուզում: Սաֆեթը հավաքում է կոդը: Հարց՝ Where you spend your honeymoon?

— Ok, Saffet, thank you 🙂

Էս ինչ անկապ հարց ես ընտրել, Սիրանույշ: Դե արի ու պատասխանը հիշի: Կյանքո՞ւմ էիր   մտածել մեղրամսիդ մասին: Տարակուսած  փակում եմ յահուն: Աչքը շինելու տեղ ունքը չհանեմ:

Բացում եմ ջմեյլը: Ինչ-որ չի բացվում:

— Սաֆե՜թ:

Ջիմեյլ էլ չեմ կարողանում մտնել: Ոչ մի կերպ վանդականիշը չի գտնվում: Էլ հավես չկա հարցնելու: Ոչ վորդպրես, ոչ Գրական Կամուրջ: Երկու նկար եմ գցում ֆեյսբուք, իբր ողջ-առողջ եմ:

— Գնացին՞ք, Սիր:

— Գնացինք:

Մթնել է արդեն: Փողոցներում մարդիկ չափազանց շատ են: Ռամազան է: Ուտում-խմում են մայրամուտից հետո:

— Ոնց որ հյուսիսային պողոտան լինի:

Մի քանի րոպե նստում ենք ֆոյեյում: Հասմիկը հարցեր է տալիս, Ագան հավեսով պատասխանում է:
— Էս նկարը ինչի՞ են կպցրել,- ասում է Մարտին Թաթոսիչը:
Դա Վիչիիի «Խորհրդավոր ընթրիքն» է:

Իսֆահան հյուրանոց. պատին

Իսֆահան հյուրանոց. պատին

— Ագա, էս նկարը…
— Ես էլ զարմանում եմ, թե ոնց մինչև հիմա չհարցրեցիք 🙂 Հիսուսը Ղուրանում նույնպես հիշատակվում է…

Երկար ժամանակ չեմ կարողանում քնել: Վերելքի մասին չեմ մտածում, բայց ուղեղս էլ չի անջատվում: Փողոցից միալար մոլլայի աղոթքի ձայն է լսվում թե՞ երգեցողություն: Կարծես ձայնագրություն լինի: Մի պահ կատվի մլավոց է գալիս. այդտեղից հիշում եմ, որ կատու կամ շուն չտեսա քաղաքում: Գիշերային «ժամերգությունը» շարունակվում է: Ո՞նց է հնարավոր քնել սրա տակ,- մտածում եմ ու քնում:

Օր երկրորդ

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Արարատ. գնալն ու գալը: Օր առաջին

  1. Ծանուցում՝ Արարատ. գնալն ու գալը: Օր երկրորդ. 3366 մ | Մազե կամուրջ

  2. Ծանուցում՝ Արարատ. գնալն ու գալը. գագաթը | Մազե կամուրջ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s