Մարկոն


Մարկոն մեր տանը հաստատվեց, երբ ես Մասիսի լանջին էի:
— Գնացինք ձեր տուն, շունը հարձակվեց ոտներիս վրա, էդ ի՜նչ արեց, ախչի, հազիվ փախա, լպստում էր, յախք,- մի օր հետո, արդեն Բայազետում, ֆեյսբուքից լսում եմ քեռուս աղջկա բողոքը:
— Ինչ շուն, մենք շուն չունենք,- անհանգստացա ես: Քանի տարի է՝ ուզում եմ շուն պահել, վախենում եմ նոր կապվածությունից, նույնիսկ Դալանի Աչոնի ձագերից մեկին չվերցրեցի, դիմացա մի կերպ, հիմա, հենց տնից ոտս քաշեցի մի քանի օրով՝ շուն:
— Արդեն ունեք, բայց քո համար անակնկալ էր, չասես, որ ասել եմ:
Երբ մի քանի օր անց, ուշ գիշերվա մեջ տուն հասա, Մարկոն փակված էր բնում:
— Ո՞ւր ա, հանեք դրան, նայեմ:
Մարկոն նետվեց ոտքերս լպստելու: Պստիկ, սև, պլպլան-անհասկացող աչքերով տաք փափկություն: Մի կերպ պոկվեցի նրանից, ժլատ պատասխանեցի տնեցիների հարցուփորձին, լողացա ու գնացի քնելու:
— Մարդու չասեք, որ եկել եմ, վաղն էլ ծպտուն չհանեք, քնելու եմ ամբողջ օրը:
Հաջորդ օրը արթնացա մորաքրոջս թոռան երջանիկ ծղրտոցից: Մարկոյին էր գզում՝ հենց լուսամուտիս տակ:
— Ես ձեր… ասի էլ՝ աղմուկ չհանեք,- քնահարամ մրթմռթացի ու քնեցի նորից:
— Տեսնես Մարկոյի ու Մարիի տարիքային հարաբերությունները ո՞նց են, ո՞վ ավելի մեծ: Երևի Մարին, հը՞:
— Մամ, էս շունը մի ամսական կլինի՞:
— Չգիտեմ, քանի՞ շաբաթականից են ատամ հանում:
— Ես էլ չգիտեմ:
— Բա որտեղի՞ց եք գտել:
— Անին գնացել էր Աշտարակի ձոր, հետը բերել էր: Հետո էլ վախեցավ, չգիտեմ խի, երևի երեխու համար, հերդ էլ բերեց վերև: Բա իմացա՞ր, Վարդանը գնացել էր հորոխպորդ տուն, իրանց շունը հաչացել էր վրան, Վարդանն ասել էր՝ ի, ես քեզ տնավորեմ, դու վրես հաչա՞ս 🙂
— :)))) Բա խի՞ եք անունը Մարկո դրել:
— Ախչի ջան, Անին ասաց աղջիկ ա, քուրդ չհավատաց, անունը դրեց Մարկո, հետո ախպորդ ընկերը եկավ, նայեցին, նայեցին, ասեցին տղա ա: Քրոջդ համոզում եմ, որ անունը փոխի, չի համաձայնում:
— Լավ էլ անուն ա, ի՞նչը դուրդ չի գալիս:
— Ինչն ա լավ, ամոթ ա…
— Ի՞նչ ա ամոթ:
— Բա Անոն ասում էր՝ էդ շան անունը խի՞ եք Մարգո դրել, Մարգոն որ իմանա, կնեղանա, ես էլ ասեցի՝ Մարգո չի, Մարկո ա, իտալացու անուն ա, համ էլ տղա ա: Քուրդ էլ իրա իտալական ձևերով որ չի ճվում Մարկո՜, էս փողոցով ով անցնում ա՝ կանգնում նայում ա:
— Թող նայեն, որ մենք չլինեինք, ինչ էին նայելու:
Մամաս հարցը յուրովի լուծեց՝ Մարկոյին «տուզո, տուզիկ» էր ասում:
— Մեկ էլ տուզիկ չասես, իյա,- հավասարաչափ զայրանում ու վիրավորվում էինք ես ու պապաս:
Մի քանի օր հետո եկավ հորեղբորս աղջիկը, զննեց շանը ու շուն պահող փորձագետի անբեկանելի դատավճիռ հրապարակեց՝ աղջիկ ա:
— Իյա՜, տղա ա,- չհանձնվեց քույրս,- բա էս ի՞նչ ա:
— Հայարփ, էդի աղջկա ա…
— Ոնց ա աղջկա, էս տղի ա…
— Չէ, իրանցը ուրիշ ձև ա, աղջկա ա, տղերքինը ավելի խորքից ա լինում: Համ էլ էս խալերը տես՝ սրանք ծիծիկներն են:
— Ես դրա հանրապետական ինչն եմ ասել,- կատաղեցի ես,- հազիվ էլի, մարդ որ ՀՀԿ-ից լինի, պարզ ա, որ շան էգն ու որձն էլ չի տարբերի: Հլը թող գա, տես ինչ գլխին օյին եմ բերելու:
Եղբորս ընկերը չերևաց, շան անունն էլ փոխեցինք, դրեցինք Սանդրա:
Ոչ իմ սրտով էր նոր անունը, ոչ հորս, ոչ քրոջս, ոչ էլ, հատկապես, Մարկոյի:
Մի քանի օր Սանդրա կանչեցինք, չարձագանքեց, նորից սկսեցինք Մարկո կանչել:
— Տես է՜, անունին ոնց ա տեր կանգնում,- ուրախանում էր պապաս:
— Հա, ինչ էլ ժամանակին համընթաց ա քայլում, էս գենդերային գզվռտոցի մեջ հպարտ Մարկո՜,- հեգնում էի ես:- Զգույշ եղի, ոստիկանությունը չտուգանի:
Մարկոն շատ փոքր էր ու շատ անհասկացող: Երևի շնային ինչուիկի տարիքում էր: Ամեն ինչի հետևից նետվում էր, ամեն ինչ պիտի բերանով փորձեր:
— Հո դու օրալ փուլում չես լռվել,- համբերությունս կորցնում էի ես, երբ Մարկոն, խաղալու ուրախությունից-նոր խաղալիքներից գլուխը կորցրած, հարձակվում էր հյուրերի վրա՝ խոնավ ու տաք լեզվով նրանցից այնպիսի ճվճվոցներ կորզելով, որ լսվում էին մինչև փողոցի վերջը:
Քեոուս աղջիկները սպառնացին, որ էլ չեն գա մեր տուն:
Ես սպառնացի, որ Մարկոյի հետ կգնամ իրենց տուն:
Մարկոն վազվզում էր ցանկացած քայլող ոտքերի հետևից, ոտքի տակ ընկնում-ոտքեր խճճում: Մի քանի անգամ քիչ մնաց ընկնենք, ոտուգլուխ ջարդենք:
— Մարկո, խելոք մնա, կտանեմ, կփակեմ:
Երբ գիշերները համը հանում էր, սենյակի դռան դիմաց բարիկադ էինք սարքում սովետական հեռուստացույցի դատարկ կորպուսով: Առաջին մի քանի օրը Մարկոն չէր կարողանում հաղթահարել այդ սահմանը: Բայց դե, ով տարով, նա օրով էր մեծանում, մի քանի օրից դա էլ չօգնեց:

Մարկոն

Մարկոն


DSCN3346
DSCN3347
Չէինք ուզում փակի տակ պահել, բայց ամառ օրով, սենյակի դուռը գիշեր-ցերեկ բաց՝ ոչ քնել էր հնարավոր, ոչ աշխատել. ներխուժում էր հևասպառ, կոշիկներ փախցնում՝ հետապնդման ուրախ ակնկալիքով, նոթբուքի, արդուկի լարեր կրծում: Մի անգամ հազիվ բռնացրի այն պահին, երբ բերանն առած՝ շտապում էր գլխի լապտերս տանել՝ աչքից հեռու մի տեղ գզելու:
— Էդ որտեղից հափռեցիր,- զարմացա ու զայրացա ես,- դու հո օյի՞ն չես: Բաց թող, ասում եմ, արա՛, էս քո խելքի բանը չի, Արարատի գագաթից ա իջել: Քեզ ինչի՞ տեղ ես դրել:
Դեռ շատ փոքր էր, վախենում էր աստիճաններից, և երբ որևէ մեկս իջնում էր, շվարած կանգնում-նայում էր: Բարձրանալ շուտ սովորեց. մորս հետևից բարձրացել էլ երրորդ հարկ ու մոլորված նվնվացել:
Մամաս գրկեց, իջեցրեց ներքև:
— Մեկ էլ կգնա՞ս:
— Մեկ էլ տեսար:
Գիշեր է. նստել եմ գրելու: Մարկոն գնաց-եկավ, ոտքերս կերավ, տրամադրությունը շատ բարձր էր՝ մատղաշ ձայնով «հաֆ» կանչեց մի քանի անգամ, վեր կացավ, վազեց ետևիցս՝ կոֆե եփելու, ոտքի տակ ընկավ, քիչ մնաց եռման կոֆեն թափեի:
— Չէ, ճար չկա, գնա մտի բույնդ:
Մարկոյին բանտարկեցի, բույնը վերևից փայլարի կտորով ծածկեցի, վրան ծանրություն դրեցի, որ չքանդի-դուրս չգա, վերադարձա սենյակ, ծալապատիկ նստեցի, կոմպը դրեցի գիրկս, գրում եմ: Հայացքս միամիտ գնաց աջ՝ առաստաղին, մութ, դաժան ստվեր էր վազվզում:
— Մա՜մ,- վախից չորացա ես: Ի՞նչ անեմ. միակ արթունը ես եմ, ես էլ կարիճներից վախենում եմ: Ուրիշ սենյակ էլ չկա՝ տեղափոխվեմ: Խուճապի մեջ ընկած՝ կողքերս զննեցի, մի քիչ հանգստացա՝ դեռ հեռու էր:
Նստել եմ փշերի վրա, մի տող գրում եմ, մի քանի րոպե նայում վազող ստվերի մարմնին: Այսպես՝ մոտ քառասուն րոպե:
Վերջապես կարիճը ձանձրացավ, փոխեց ուղղությունը, սկսեց գալ դեպի ինձ: Ցատկեցի տեղիցս: Իջավ իմ ուղղությամբ, հատակից քիչ վերև անշարժացավ:
— Մի բան արա, հո չեք կանգնելու իրար նայեք,- համոզեցի ինձ:
Բազկաթոռը մի կողմ քաշեցի, աթոռ վերցրեցի ձեռքս՝ փորձելով դրա ոտքով հասնել նրան: Նա խցկվեց պատի ճեղքի մեջ:
— Բա ի՞նչ անեմ, ես սրան էլ ոնց բռնեմ: Էլ էս սենյակ չեմ մտնի:
Հիշեցի, որ երկար խաչերկաթ ունենք, մոտակայքում է: Գտա, բերեցի, կարիճը դեռ տեղում էր, սուտմեռուկ արած, իրական մահը կեղծով վանելու հույսով անշարժացած, աչքերը վրաս չռած: Մետաղի կեռացրած ծայրը զգույշ հպեցի նրան, դողացող ձեռքերով սեղմեցի: Հեռախոսս սկսեց զանգել:
Համառ ու վախեցած դաժանությամբ տրորեցի, հետո ձեռքս գցեցի հեռախոսին՝ ո՞ր սատանան է այս ժամին: Քույրս է՝ կողքի սենյակից:
Գնացի ննջասենյակ:
— Հայարփ, պըրծ, էլ չեմ անի, ես էլ չէի ուզում, ախչի, կարիճ էր, մի կերպ սատկացրեցի, բազկաթոռը պիտի քաշեի դրա համար…
— Ի՞նչ ես խոսում,- քնաթաթախ ասաց քույրս,- ի՞նչ կարիճ, որտե՞ղ:
— Ո՞նց, բա ի՞նչի էիր զանգում, դրա ձեների՞ց չես զարթնել:
— Չէէէէ, էդ Մարկոյին տար ըստեղից, հազիվ քնել էի, եկավ սկսեց վերմակս քաշել, չես թողնի մի գիշեր հանգիստ քնեմ, ես չասի՞ դրան կփակես:
— Երազ ես տեսել, Մարկոյին փակել եմ:
— Սիրանուշ, ասում եմ Մարկոն էր, հիմա էլ ըստեղ ա, հաստատ, գտի, տար:
Ես գիտեմ, որ Մարկոն չի կարող լինել սենյակում, բայց ստիպված շշուկով ձայնեցի.
— Մա՛րկո՜:
— Չկա:
— Կա՛, ասում եմ ստեղ ա:
— Մա՜րկո,- քիչ բարձրաձայն կանչեցի ես, ու Մարկոն, տասը մետր հեռավորությունից արթնանալով քնից, խաղընկեր գտածի անհամբեր երջանկությամբ քանդել թափելով բնի ծածկած առաստաղը, վազքից հևասպառ նետվեց ոտքերիս վրա:
— Հա՛ֆ:
— Ըհը, է՞դ էիր ուզում, ես ասի սենյակում չի, հիմա սրան ո՞նց նորից փակեմ:
— Իյա, սենյակում էր:
Տարա փակելու՝ մի գիշերում երկու անգամ լսելով բանտարկված Մարկոյի բողոքը:

Մարկոյի՝ գզվռտվելու անհագ ցանկությունից երբեմն զարմանալով, մտածում էի, որ երևի ծնվելուն պես հեռացրել են քույրիկ-եղբայրիկներից, առիթ չի ունեցել կարգին, շնավարի խաղալու, ու հիմա էլ երազում է երևի, որ շուն լինեինք, իր հետ հավասար խաղայինք: Երբ շատ էր ուզում խաղալ ու ոչ մի կերպ ձեռ չէր քաշում մտադրությունից, ստիպված սկսում էի ոտքերս թափ տալով հաչալ, ու Մարկոն գլուխը կորցնում էր ուրախությունից, նետվում ոտքիս, հետ քաշվում, թաքնվում, անակնկալ հարձակվում, կաճլիկ «հաֆ»-ով ատամ գցում ու նետվում հեռու՝ հետապնդում ակնկալելով:
— Ե՞րբ ես մարդավարի հաչալ սովորելու,- չէի համբերում ես:
Թենիսի մի գնդակ գտա տան ծակուծուկերից, փորձեցի դրանով վարժեցնել:
— Մա՛րկո, բե՛ր գնդակը:
— Մարկոն գնդակը բերում էր, բայց չէր ուզում տալ, համոզելով վերցնել չէր լինում, ծնոտները զգույշ հեռացնում էի իրարից, որ գնդակը հանեմ բերանից:
— Մա՛րկո, թաթիկը տուր: Էս ա թաթիկը, Մարկո, թա՛թ:
Մարկոն բերանով բռնում էր սեփական թաթը:
— Չեմ հասկանում, դու ամեն ինչ բերանով պիտի անե՞ս,- նեղանում էի ես: Մարկոն արդեն լպստելուց բացի, ատամներով բռնում էր, ամուր սեղմում, ու որ անզգույշ լինեինք՝ հնարավոր է վնասվեինք:
— Ասում են շունը տիրոջն ա քաշում, հիմա էս անլեզու-անատամ ընտանիքում ո՞ր մեկդ ա կծան, դամավո՞յը:
— Հերիք ա ծակ-ծակ փիլիսոփայես: Անլեզուն էլ դո՞ւք եք, հա՜: Ի՜նչ լավ էր, որ փոքր էիք:
Բայց Մարկոյի նոր սովորությունը անհանգստացնում էր:
— Բա որ կծան դառա՞վ, ի՞նչ իրավունք ունի շունը կծան լինի:

— Սիրան, տեսե՞լ ես Մարկոյի դոշի խաչը:
— Ի՞նչ խաչ, չէ,- արդեն տնից դուրս գալով՝ պատասխանեցի ես:
— Դոշին մեծ խաչ կա, հենց ունքերի գույնի, ո՞նց չես տեսել:- Հետևիցս ձայնեց մամաս:
Մտքիցս գնաց:
Մի օր, երբ սնդիկ Մարկոն մի քանի ակնթարթ անշարժ էր, տեսա:
— Էս ի՜նչ ա,- բացականչեցի,- դու հո խաչակիր չես, արա՛:
Photo4216
— Բա, որ ասում էի՜,- հպարտացավ մամաս:
— Մեռած, ինչ էլ սիրուն ա: Պահ, հերիք չի ավետարանիչի անուն ունի, հլը մի հատ էլ խաչակիր ա: Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, Մա՛րկո:
— Վեհափառ 🙂
— Սուս, այ պա՛, աչքով չտաս:
Մի քանի օր անց Մարկոն սովորեց աստիճաններով ներքև իջնել: Դրանից մի քանի օր անց անհետացավ տնից:
— Մարկոն ա կորել…
— Ո՞նց թե կորել ա, ոնց ա եղել:
— Իջել ա ներքև ու անհետացել, ով ասես չկար էդ օրը, մենակ ես էի վերևը, էդքան մարդկանց մեջ ո՞նց մեկդ չի տեսել, ես չեմ հասկանում:
— Ֆայմեիր, ձեն տայիր ինձ, էլ մի արդարացի:
Մամաս ու պապաս նորից սկսեցին վիճել:
— Հերիք ա,-գոռացի ես,- դուք հո Բարեկենդանը չեք:
Ցերեկվանից բան չէի կերել, գլուխս ցավում էր: Արագ ուտելիքը կուլ տվեցի ու նետվեցի դուրս:
— Ո՞ր կողմով եք գնում, ես էլ էն փողոցը կգնամ:
Շրջակայքի փողոցներում փնտրեցինք, չգտանք: Գիշերվա մեջ, ձայնս գլուխս գցած՝ գոռում էի «Մարկո՜», ու ամենիմաց համաքաղաքացիներս շշմած նայում էին: Մարկոն չերևաց: Ուրեմն մեր փողոցներում չի, երևի դպրոցականներն են տարել, երևի հեռու են տարել:
Պապաս մի քանի ժամ նստեց փոքր քաղաքի գեներալական այգում Ելիսեյան դաշտերում՝ հուսալով, որ եթե տարել են, երկար չեն պահի, կբերեն, բաց կթողնեն:
Չերևաց:
Գոնե շնավարի չիշիկ անել իմանար, ճամփան նշեր, որ մոլորվեր, հետ գար: Գոնե դպրոցի երեխեքը տարած չլինեն, գոնե մոտակայքում լիներ: Գոնե տանողին ատամ չգցի, գոնե չտանջեն: Լավ պահեն գոնե: Չե՛մ ուզում լավ պահեն, չեմ ուզում պահեն, ուզում եմ փախչի՝ հետ գա:
Գոնե էսօր գա:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s