Արարատ. գնալն ու գալը. գագաթը


Սկիզբը՝ մաս առաջին, երկրորդ, երրորդ

Վրաններից դուրս կյանքը կամաց-կամաց աշխուժանում է:
Ժամը մեկն է: Ամսաթիվը՝ օգոստոսի արդեն 6, 2013թ.:
Հագնվում ենք, ստուգում իրերը:
Հասմիկը ստիպում է, որ շալվարի տակից հագնեմ տնայնագործ «տոտիկները»՝ կոճից մինչև ծնկները ձգվող բրդյա փրկիչներ:
— Հաս, ես առհասարակ թեթև եմ հագնվում, ամբողջ ձմեռ շալվարի տակից բան չեմ հագնում:
— Ոչինչ, հագի, թե շոգես, կհանես:
— Այ, նասկի երկու զույգ կհագնեմ, ոտքերս միշտ սառում են:
Ուսապարկս եմ դասավորում: Գլուխս զգույշ հանում եմ վրանից, քամին անմիջապես հարձակվում է վրաս:
Մերոնք արդեն հացի են նստել խոհանոցում:
Ոգևորված ենք:
Նուրսիմը պարկից հանում է կատուները, բոլորի ոտքերին հարմար համարներ փնտրում: Հագցնում է աջ ոտքիս, ցույց տալիս, թե ինչպես եմ կապելու: Վստահ եմ, որ չեմ մոռանա:
Սաֆեթն ու Ագան թերմոսներով թեյ են վերցնում: Սաֆեթը կասկածում է, որ իր թերմոսը ճաք ունի: «Մինչև հասնենք, սառույց կդառնա»,- ասում է Ագային:
Նախաճաշի փաթեթներն ենք վերցնում:
— Անպայման երկրորդ սվիտեր վերցրեք,- զգուշացնում է Գևորգը:
ՈՒսապարկս կարգին ծանրանում է, չնայած ամենաանհրաժեշտն եմ վերցրել: Այդ թվում՝ նոթատետրս և գիրքս 🙂
Ժամը 2-ին սկսում ենք վերելքը: Մի գծով:
Մեզանից առաջ մի խումբ արդեն բարձրանում էր:
Աստղերն այնքան պայծառ էին, որ երկու անգամ նրանց լապտերների կոր շարքը տեսնելիս մտածեցի, թե ինչ նոր համաստեղություն է:
Ասացին, որ շատ դանդաղ ենք գնալու, բայց գնացինք սպասվածից արագ: Լապտերները չթողեցին, որ կարգին երկինք երևա: Չնայած երկնքին նայելու ժամանակ չեղավ էլ: Քամին անտանելի էր: Ձեռքերս ու ոտքերս արագ սառեցին: Հասմիկի տված տոտիկներով մինչև ծնկներս լավ տաք էր: Բայց մեկ է. սառած ոտնաթաթերի ու ձեռքերի հետևանքով ցուրտը մտավ ողջ մարմինս, ու երբ քամին հատկապես ուժեղանում էր, դողացնում էի: Մի թե երկու անգամ կարճ դադար արեցինք:
Առջևից Նուրսիմն էր քայլում, ինչպես միշտ՝ երգելով ու դադարների ժամանակ ծխելով:
Ժամը չորսից հետո զգացի, որ մատներս մզզում են արդեն: Էլ չէի դիմանում. մղկտոցս գալիս էր: Կանգնեցի, որ գոնե մի քիչ տաքացնեմ: Վախենում էի, որ կցրտահարվեն: Ձեռքերս կապտել էին: Մի կերպ հանեցի ձեռնոցներս, ձեռքերս գրպանս մտցրեցի. ապարդյուն: Արսենը հասավ, սկսեց շփել, ինչ-որ ճամփորդական գրելկա հանեց, որ դրանով տաքացնի, չաշխատեց. թողեցինք այդտեղ: Սարի վրա իմ կողմից ոչ մի աղբ չէի ուզում թողնել, բայց ուսապարկ հանել-բացել չէի կարող: [Վերադառնալիս կտեսնես այդ գրելկան՝ քարերի տակ, է վերցնեիր, ինչո՞ւ անցար կողքով, Սիրանույշ: Ոչինչ, մի կերպ կռանայիր, հիմա աչքիդ առաջ չէր գա]:
— Գևորգ,- ձայնեց Արսենը,- Սիրանուշի ձեռները սառել են, ի՞նչ կա, գրելկա կա՞ մոտդ:
Նարեկը վատ էր զգացել, և Գևորգը վերջից էր գալիս՝ Նարեկի հետ:
Գևորգի մոտ գրելկա չկար. դեռ ավելին, իր ձեռքերն էլ էին սառել: Ու երևի բոլորի: Նարեկը հետո ասաց, որ նորվեգացիները մտածել էին, որ իրենց համար հեշտ պիտի լինի բարձրանալը, բայց սպասվածից ավելի դժվար էին բարձրացել:
— Ես լավ եմ արդեն, Արսեն, դու գնա, կգամ:
— Մնա, Գևորգենց հետ արի:
— Չէ, կգամ:
Օրիոնը ծագել էր արդեն:
Ինձ մխիթարում էի, որ ամենամութ ժամը լուսաբացից առաջ է, ամենացուրտ ժամը լուսաբացից առաջ է: Բերանով էի շնչում. դիմակը իջեցրել էի, հենց թեկուզ միայն բերանս դիմակով փակելուց արդեն շնչահեղձ էի լինում: Քիթս շարունակ լցվում էր, փսլինքս կաթիլվում էր քթիս ծայրին ու մի քանի վայրկյանը մեկ քամին պոկում-տանում էր: Քամին խեղդում էր ու միաժամանակ փրկում էր շնչահեղձ լինելուց, թե չէ հնարավոր չէր բրդյա ձեռնոցների մեջ սառած, ձեռնափայտիկներին ձուլված ձեռքերով քիթ մաքրել:
Օրիոնի բարձրանալուց քիչ անց արդեն արևելքում երկնքի գույնը սկսվեց բացվել: Ինչքան հիշում եմ՝ տառապող քթիցս, երկնքով հիանալու անհնարինությունից ու սառած ձեռքերից-ոտքերիցս բացի ուրիշ ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել: Միակ մտահոգությունս՝ որ ուժերս խնայելով քայլեմ, որ հասնեմ մինչև գագաթ:
Բայազետի լույսերը ողջ գիշեր վառ էին: Առհասարակ, այնքան լույս էր երևում գիշերը, որ հնարավոր չէր համեմատել լեռան լանջերից բացվող թվացյալ ամայության հետ: Երկինք-երկիր ներդաշնակ լուսավորություն էր:
Լապտերների լույսի տակ երևում էր, որ քարերը գնալով ավելի հետաքրքիր են դառնում, սևանում, գունավորվում, խոշորանում:
Թեքությունը սկսեց մեծանալ: Աստիճանաբար լուսանում էր:

Լուսացավ, ու ավելի ցրտեց: Մինչև սառցադաշտին հասնելը դիքությունը մեծացավ: Անհավատալի էր թվում, թե ոնց էի քայլում ու ոնց չէի հասնում: Ոչ հետ նայելու ուժ ունեի, ոչ վերև:
Առաջինը Արթուրը նկատեց կամ բարձրաձայնեց.
— Նայե՜ք, նայե՜ք, ստվե՜րը:

Մեծ Մասիս. ստվերը

Մեծ Մասիս. ստվերը

Մի պահ կանգնեցինք: Դողացնելով հետ շրջվեցի:
Արևը դեռ չէր երևում, բայց լեռան հսկայական կապտամանուշակագույն ստվերը, բարձր լեռնագագաթի նման, վառվում էր հորիզոնի վրա: Քանի՞ կիլոմետր էր ձգվում: Չգիտեմ: Ամիսներ առաջ տեսել էի Գևորգի արած ֆոտոներից մեկը ու փշքաղվել, ու անհամբեր սպասել աչքով տեսնելուն: Ամենահզոր տեսարաններից մեկն էր, որ աչքերս ապրեցին:
— Արթո՜ւր, նկարի՜, նկարի՜:
Քթիս մրմուռից ազատվելու մասին մտածելով ու զնգր-զնգր դողացնելով՝ հասա սառցադաշտին: Մոտավորապես մեզանից վաղ դուրս եկած խմբի հետ, իսկ ներքևից արդեն հասնում էին մեզանից հետո դուրս եկածները:
Մտածում էի, որ ոչ մի կերպ ի վիճակի չեմ հագնել կատուները:
Նուրսիմը Մարտինի կատուներն էր հագցնում: Դողալով սպասում էի: Հետո հագցրեց իմը: Վախենում էի, որ շատ ուժեղ կձգի ու կփշրի փայտացած ոտնաթաթերս:
— Յալլա՜,- բացականչեց, երբ ավարտեց:
Ակնոցն էլ դրեցի միանգամից:
Թեթև սրտխառնոց ունեի, արդեն երկար ժամանակ:
— Ես երևի մի բան ուտեմ, նոր գամ:
— Հիմա մի կեր, վատ ես զգալու հետո:
— Բայց արդեն վատ եմ զգում, է՜:
— Հետո կուտես, արի, արի՛, գնացինք:
— Ոտներդ իրարից հեռու-հեռու կդնեք, լայն,- ասաց Թաթոսիչը,- չընկնեք:
Հասմիկն ու Թաթոսիչը թեթևաքայլ առաջ անցան:
Ծանրացած ոտքերս զգուշությամբ դրեցի հավերժական ձյան շերտին: Ավելի ճիշտ՝ սառցաձյան: Ավելի ճիշտ՝ ստալակտիտային գեղեցկությամբ սպիտակ բյուրեղների, որոնց առաջ կուզեի ծնկի գալ ու ժամերով հիանալ: Քամին չհամաձայնվեց:
Դանդաղ էի քայլում, մի քանի քայլից դադար էի տալիս ու հևասպառ հենվում ձեռնափայտերին: Արսենը քայլում էր իմ առջևից, երբեմն կանգնում-սպասում:
— Արսեն, դու գնա: Կգամ:
Բայց Արսենը չէր ուզում մենակ թողնել ինձ:

— Արագածը չի՞, Արսեն:
— Հա էլի:
— Էն էլ ատոմակայանը:
Ատոմակայանի բլոկներից բարձրացող գոլորշու ճյուղերը միանգամից աչքի էին զարնում կապտավուն հարթության մեջ: Հայացքս փնտրում էր մեր քաղաքներն ու գյուղերը, ոտքերս պահանջում էին ներքև նայել. հանկարծ ու կատուներս խճճվեցին, չեմ հասցնի նկատել, կընկնեմ: Քամին անտանելի սառն է: Ձյունն անտանելի գեղեցիկ է:

Ստվերը արագորեն կարճանում էր, ու սառցադաշտի թեքության կեսին դեռ չէի հասել՝ արդեն մտել էր լեռան տակ:

Ստվերը

Ստվերը

Ճանապարհից քիչ հեռու, մոտ 5 մետր ձախ, արևը վերջապես սահման գծեց: Գույները փոխվեցին՝ կապույտ-սպիտակը դեղին տաքություն էր խոստանում: Մտածեցի, որ եթե արևի տակ քայլեմ, գոնե մի քիչ կտաքանամ, ու սկսեցի կարոտով նայել այդ կողմը: Հասմիկը դադար տվեց, մեզ է սպասում:
— Արև դիպավ Մասիս սարին, բայց էլի չտաքացանք, այ քեզ դլե յաման,- մրթմռթացի ես:
Սաֆեթը հատեց-անցավ լույսի ու ստվերի սահմանը, սկսեց ձեռքով-ոտքով կանչել ինձ:
— Սիր, արի, արի՛:
— Հաս, արի գնանք, տաք ա, արևի տակ կքայլենք:
Բայց արևի տակ էլ նույն քամին էր:
Հասմիկը գնաց ուղիղ ճամփով: Ես շեղվեցի:
Գնացի Սաֆեթի մոտ, կանգնեցի արևին ու շարունակեցի դողալ: Չէ, ավելի լավ է քայլեմ: Կանգնած ավելի ցուրտ է:
— Tea, tea, չայ,- թերմոսը հանել, ինձ տաքացնելու միջոցներ է փնտրում Սաֆեթը:
Ու չնայած երազում էի ձեռքերս տաք բաժակի հպել, բայց ձգացի, որ չեմ կարող կանգնել-մնալ, ավելի լավ է քայլեմ: Սաֆեթը թեյ է լցնում արդեն, մոտ երկու մետր է ինձ բաժանում տաք գոլորշուց:
— No, thank you, Saffet jan, I should go.
Սաֆեթը տխրեց:

Ու էլի տոտիկ-տոտիկ, արդեն ոչ թե չորս ոտքերով, այլ, ասես չորեքթաթ, շարունակեցի բարձրանալ: Աչքս չէի կտրում ձախում՝ արևի տակ կայծկլտացող բյուրեղիկներից: «Մարդ փոքրանար, դառնար մի-երկու սանտիմետր ու քայլեր էս ձյունային անտառի միջով, ի՜նչ սիրուն ա, սպանում ա ախր»:
Հավերժական ձյուն
Տարօրինակ վառ դեղի՞ն թե՞ կանաչ,-չեմ հիշում,- ռեզինից թվացող կոշիկներով, առանց ձեռնափայտերի, լայն ձեռնոցների մեջ իրենց ձևը կորցրած, կողերից պարապ կախված ձեռքերով բարձրահասակ /երևի/ գերմանացին անվրդով քայլում էր:

Տոտ-տոտ, վերջապես:
Հասա գագաթ: Առաջին բանը, որ տեսա,գագաթին խրած նշաձողի մոտ (ո՜ւխ, ինչ լավ ա, գոնես ըստեղ իրանց անտեր դրոշը չեն տնկել) գրկախառնվող-միմյանց շնորհավորողները, հետո Սիսը, հետո արդեն արագ ուսապարկս իջեցրեցի սառույցին, նստեցի վրան ու սկսեցի լաց լինել:

Սիսը Մասիսի գագաթից

Սիսը Մասիսի գագաթից

— Սիրանո՜ւշ, արի գրկեմ:
Փաթաթվեցի Հասմիկին, Մ. Թաթոսիչին, մոտեցավ Արսենը, ով ինձ ուղեկցեց գագաթ, ողջագուրվեց, նստեցի, շարունակում եմ հեկեկալ, Արթուրը եկավ, Գրիգորը եկավ, հասավ Գևորգը Նարեկի հետ, փաթաթվեց բոլորին:
— Սիրանո՜ւշ, ո՞ւր ա Սիրանուշը, արի, Սիրանուշ ջան:

— Սի՞ր, մրսո՞ւմ ես:
— Չէ:
— Ո՞նց ես:
— Ընտիր:
Նորից նստեցի, նորից հեկեկում եմ ու մտածում՝ ինչ լավ է այս ակնոցը կա:
— Սիր,չես մրսո՞ւմ,- նորից հարցնում է Հասմիկը:
— Չէ:
— Հուզվա՞ծ ես:
— Մի քիչ:
— Հը՞, հիմա արև դիպա՞վ Մասիս սարին թե՞ չէ:

— Նկարվելո՜ւ, գագաթի մոտ:

Մեր խումբը գագաթին. հետևում՝ Գեղամա լեռնաշղթան

Մեր խումբը գագաթին. հետևում՝ Գեղամա լեռնաշղթան

— Սիրանուշ, բա Արտոյի Արարատը, դե դի՜ր:
— Վա՜յ:
Մի կերպ գրպանիցս հանում եմ հեռախոսը, դեռ չենթարկվող մատներով միացնում, փնտրում Արարատի մասին միակ հայերեն երգը, որ երբևէ լսել եմ: Չկա: Ժամանակ էլ չկա: «Ինչ եղավ ախր, չգիտեմինչ փախած ֆոտնով ա գրած երգի անունը, ո՞նց գտնեմ հիմա էսքան ֆայլերի մեջ»: Կոմիտաս եմ միացնում՝ «Քելե-քելե»:
— Պիտի սրանով բավարարվենք, չեմ գտնում:
Դրոշներ ենք հանում, նկարվում:
Կոնյակ:

Գագաթի խաղերից

Գագաթի խաղերից

Լավ է, որ մրսել-դողացնում էի, թող մտածեն, թե էլի մրսում եմ,- արդեն դողիս համար չեմ ամաչում:
Ինձ կորցրած, առանց շուրջբոլորս նայելու, որովհետև արդեն ասում են գնանք, դանակս եմ հանում, սկզբում դանակի օգնությամբ, հետո մատներով ձյուն փորփրում-լցնում շշի մեջ:
— Սի՞ր:
— Հաս, լավ եմ, ձյուն եմ վերցնում:
Հասմիկը մի անգամ էլ դրա համար է գրկում: Մի կատուս ելնում է մյուսի վրա, հավասարակշռությունս կորցնում եմ, ընկնում, հետո բարձրանում:
— Աժդահակը տեսա՞ք,- հարցնում է Գևորգը:
— Ձեր տունը տեսա՞ք,- հարցնում են եվրոպացիները:
— Բաղդասարին ձեռով արեցի՞ր,- հարցնում են Հասմիկին:
— Գնացինք, գնացինք:
— Մի քիչ էլ,- անհույս բողոքում եմ ես:
— Քամի ա, հնարավոր չի, իջանք, իջանք:
Հեկեկոցից ցնցվելով՝ հավաքվում եմ. ինձ թվում է, թե մի քանի րոպեից ավել չեմ մնացել:
Իջնում եմ դանդաղ-դանդաղ, Հասմիկի ապարատով նկարելով ճանապարհը, չուզենալով գնալ, շարունակելով լացը:
Մինչև մայրամուտ ակնոցը գրեթե չեմ հանում աչքերիցս: Մի քանի անգամ՝ մի քանի կարճ րոպեներով:
Գևորգը Նարեկի հետ իջնում է վերևից:
Սառցադաշտի սահմանն անցնելուց հետո մի կերպ հանում եմ կատուները, մի շոկոլադ ուտում, առաջվա պես քամուց նեղվելով, բայց արդեն թքած ունենալով:
Հեռախոսս այդպես էլ չանջատեցի, ու գրեթե մինչև երկրորդ ճամբարի կես ճանապարհը խայտաբղետ երաժշտություն լսելով իջա: Կարոտել էի:
Հեռախոսս ինչքան վրեժ ուներ վաղուց չլսված երգերի համար՝ լուծեց:

Վայրէջք

Վայրէջք

Վերադարձը դժվար էր, ու էլի անտանելի քամի, ու էլի թեթև սրտխառնոց, բայց արդեն կարևոր չէր՝ իջնում էի՝ երբեմն վերզգալով գագաթին զգացածս, սիմպածիչնի-ակուրատնի քարեր փնտրելով-ձեռնափայտով տնտղելով, հաճախ հետ նայելով: Ուսապարկը անտանելի ծանր էր թվում, նեղում էր ուսերս: Գրպաններս ծանրացել են Արարատ-քարերից: Օրը չի տաքանում:

Վայրէջք

Վայրէջք

Գևորգը Նարեկի հետ գալիս էր հետևից, Արսենն ահագին հետ էր ընկնում, Մ. Թ. գնում է հանգիստ-անշտապ-թեթև-արագ, Հասմիկը՝ ասես պարելով, Արթուրն ու Գրիգորը ահագին առաջ են ընկել:
Իջնում-իջնում եմ, ու ճանապարհը չի վերջանում, զարմանում եմ, թե գիշերը ոնց ենք այսքան բարձրացել:

ՔԻչ ներքևում հասնում եմ Գրիգորին. նստել, խնձոր է ուտում:
— Խնձո՜ր,- բացականչում եմ ես, ուսապարկս իջեցնում, նստում ճամփի վրա, նախաճաշի տոպրակից հանում եմ խնձորը, սկսում թույլ-թույլ կրծել: Այքան հոգնած եմ՝ ինձ թվում է չեմ կարող ծամել-ուտել:
Գրիգորը գնում է: Նարեկն է գալիս: Վեր կենալու ուժ չունեմ, ճանապարհը ազատեմ:
— Ո՞նց ես:
— Լավ եմ, հույս ունեմ սրա օգնությամբ ներքև հասնել,- ցույց եմ տալիս խնձորը:
Ճամբարը երևում է: Քամին առաջվա պես գլուխ է տանում: ՈՒժեղ չի, բայց սառեցնում է:

Գրեթե հասնում եմ: Արթուրն ու Գևորգը շատ վերև են մնացել: Արսենը՝ չեմ հիշում, երևի առաջ էր: Նարեկը նստել է: Կանգնում եմ, հետո նստում: Նարեկի հետ մի-երկու բառ ենք փոխանակում:
Վերևից մեկը իջնում է, Նարեկը ողջունում է, հարցնում՝ Անգլիա՞ թե՞ Շոտլանդիա, անգլիախոսը արագ բլբլում է, բան չեմ հասկանում, հետո ինձ է դիմում, ոնց ես կամ դրա նման մի բան, հապաղում եմ պատասխանել, անջատված նայում եմ, Նարեկը պատասխանում է իմ փոխարեն, իսկ ես զարմանում եմ, թեե ոնց գուշակեց, որ she եմ, ախր ոչ մի արտաքին նշան պիտի որ մնացած չլինի. խուճուճներս կեղտի մեջ են անհետացել, առանց կրծկալի (չէի հագել, որ կրծքավանդակս չճնշվեր, թեթև շնչեի) ցրտահարված կրծքերս՝ փոշու ու կուրտկայի շերտի տակ:
Անգլիացին գնում է: Մենք էլ ենք իջնում: Աստիճանաբար հետ եմ ընկնում Նարեկից, ահագին ուշ հասնում: Սոված եմ, բայց խոհանոցի ուղղությամբ գնալու ուժ չկա. միանգամից գնում եմ ճամբար: Հասմիկը բոբիկ նստել է վրանի մոտ:
— Ո՞նց ես:
— Լավ եմ, ո՛ւֆ:
Հանում եմ ուսապարկը, կոշիկներս՝ մեծ դժվարությամբ. աջ ոտքս ոլորվել է: Իջնելուց ամեն քայլափոխի զգուշացնում էի ինձ, որ շատ զգույշ լինեմ, վարի չգնամ, ու չնայած զգուշությանը և հոգնածությունից բխող ահավոր դանդաղությանը՝ մի քանի անգամ փափուկ թմփացի:
Ուֆ-ուֆ անելով հանում եմ կծան սվիտերս:
— Խոհանոցում թեյ կա, ձմերուկ,- ասում է Հասմիկը,- գնա:
— Հաս, ուշքի գամ, բայց երևի չգնամ, ուժ չկա:

Որոշում ենք նույն օրը հասնել Բայազետ: Ծայրահեղ դեպքում՝ իջնել մինչև առաջին ճամբար. այնտեղ գոնե հնարավոր է կարգին լվացվել ու քնել, եթե չկարողանանք կամ չհասցնենք:
Տխրում եմ. անհամբերությամբ երազում եմ տաք ջրի ու ակնողնու մասին, բայց չեմ ուզում հեռանալ:
— Դե, արդեն հասանք մեր նպատակին, ի՞նչ իմաստ ունի գիշերը մնանք, շուտ հասնենք քաղաք, մի ազատ օր կունեննք:
Գայթակղիչ է միտքը, որ կլողանամ ու կքնեմ, որ մի ամբողջ ազատ օր կունենանք՝ Կարսում կամ շրջակայքում զբոսնելու, բայց դժվար է հեռանալ:

Հետո իջնում ենք: Ամբողջ օրը: Գրեթե 3000 մ վայրէջք մի օրում: Արթուրը երկրորդ ճամբարից որոշում է ձիով իջնել: Առաջին ճամբարում սպասում ենք հետ ընկածներին: Արսենի ոտքերի բթամատերը վնասվել են. համառ դժվարությամբ գալիս է: Հրաժարվում է ձիով իջնել: «Բա ո՞նց կգաս էդ վիճակով»: «Կտեսնեք»: Իջնում է հետ-հետ գնալով (ինչպես եկեղեցուց են դուրս գալիս), և ճանապարհին հանդիպած յալյաներում փոքրիկ քրդերը կանգնում, բերանբաց, ծիծաղելով նայում են՝ շոու է իրենց համար, և Նարեկը միանում է Արսենին, նրա պես հետ-հետ իջնում, և երեխաները զվարճանում են:

Իջե՜ք, իջե՜ք, երազներ:
Իջնում ենք:

Ափսոսանքով, չուզելով, հաճախ հետ նայելով եմ իջնում եմ ու մտածում:
Մտածում եմ, թե ո՞րն է ճիշտ՝ ե՞ս գնացի Արարատի մոտ, թե՞ Արարատը եկավ ինձ մոտ:
Մտածում եմ՝ ե՞ս մնացի Արարատի վրա, թե՞ Արարատը մնաց իմ մեջ:
Մտածում եմ՝ ո՞նց տանեմ ինձ հետ Արարատը: Ո՞նց մնամ նրա մոտ: Նրա հետ:
Մտածում եմ, որ չպետք է այսպես լիներ, չպետք է Նա մնար Այնտեղ:
Մտածում եմ՝ եկող տարի անպայման պիտի նորից գամ:
Մտածում եմ:

Իսկ նա, իսկապես, գեղեցիկ է: Նախևառաջ, ամեն ինչից առաջ, Մասիսը գեղեցկություն է՝ կյանքի անհավանական գեղեցկություններից: Գեղեցկություն, որ հնարավոր չի նկարագրել կամ ներկայացնել, գեղեցկություն, որ ներծծվում է հոգու մեջ ու, ծիածանաթաղանթի պես, ներսում հայացք ձևավորում: Գեղեցկություն, որի զգացողությունը ընդհուպ մոտեցնում է մահին: Որովհետև այն, ինչ անտանելի գեղեցկություն է, հրահրում է ինձ ձուլվել իր մեջ ու այդպիսով անէանալ, ու այդպիսով դառնալ ինքը: Իսկ ո՞ւր է այդ ժամանակ անհետանում իմ Եսը: Չգիտեմ: Հենց դա էլ մահվան զգացողությունն է:

Հիմա, երբ նայում եմ Մասիսին, չեմ հավատում, որ հենց այդ լեռնագագաթն եմ բարձրացել ու իջել: Իրականում լեռան մի մասը բարձրացա՝ այն, որ միայն աչքերով է երևում, իսկ ամբողջ լեռն անընդհատ փոփոխվում է, և հենց հիմա այն է, ինչ կա իմ մեջ՝ գումարած այն, ինչ տեսնում եմ դրսում, և երևի թե մեկ առ մեկ գումարած նաև այն, ինչ տեսնում է ամեն մի նայող, նրա մասին մտածող, նրա մասին իմացող: Թեյլորի անվերջ շարքի անդամները իմ մեջ են գումարվում-ամբողջանում: Ինչպես քո:

Եթե չշարունակեմ հաջորդ օրերի մասին պատմել, եթե նույնիսկ շարունակեմ.
Շնորհակալություն այն ամենին, որ ինձ հասցրեց այնտեղ:
Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ հասցրեցին այնտեղ:
Ճամփի առաջնորդին, ճամփի ընկերներին: Ուղեկցորդներին: Մյուս խմբին, որը գնաց մեզանից երկու շաբաթ հետո, և որի հետ, մտքով, բարձրացա-իջա: Ում հետ հասա, ով մտովի եկավ ինձ հետ, ով ինձ ուղղեց-տվեց մտքեր, խոսքեր, օգնություն, որոնք հասցրեցին այնտեղ: Շնորհակալություն:

Արագածը Արարատից

Արագածը Արարատից

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

8 Responses to Արարատ. գնալն ու գալը. գագաթը

  1. Goharասում է՝

    Սիր յան, ցավդ տանեմ, մեր բոլորի սրտից ես գրել…

  2. Koliaասում է՝

    Շնորհակալություն քեզ, որ այսպիսի հրաշալի հուշագրություն ես ստեղծել:

  3. Ծանուցում՝ Արարատ. գնալն ու գալը. օր երրորդ. 4200 մ | Մազե կամուրջ

  4. Gayaneասում է՝

    պինդ գրկում եմ ու մի հատ պաչ
    ապրես 🙂

  5. ալբերօասում է՝

    ապրեք, ընկերներ ջան 🙂 առանց ձեզ չէի գրի

  6. Ծանուցում՝ Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳԱԳԱԹԸ » Գրական Կամուրջ

  7. Հրանտասում է՝

    գագաթից դեպի Արարատյան դաշտի կողմ ֆոտոներ չկա՞ն ․․․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s