2014-1915


Հորական պապս ծնվել է Խնուսի գավառի Գոմես գյուղում: 1915թ. եղել է 7-8 տարեկան: 3 հորեղբայր է ունեցել: Երբ կոտորածն ու փախեփախն սկսվել են, մեծ հորեղբոր կինը թողել է բոլորին՝ իր ու տեգրերի մեկական արու զավակներից բացի, և նրանց փեշի տակ պահած հասցրել Արաքսին:

Կարելի է ասել, որ ինչ-որ իմաստով իմ գոյությամբ թուրքերին եմ պարտական: Եղեռնին: Կարելի՞ է ասել: Պարսիկներին էլ եմ պարտական. մորս կողմը գաղթել է Խոյից, պարսկա-ռուսական պայմանագրերից մեկի հետևանքով: Ռուսներին էլ եմ պարտական:

Ես պապիս չհասցրեցի տեսնել, ուշացա նրա կյանքից մի քանի տարով: Շատ հարցեր մնացին անպատասխան, շատերի գոյությունը այդպես էլ չեմ մտածի: Ինձ մատչելի աղբյուրներից ոչ մեկում Խնուսի գավառի Գոմեր գյուղը նշված չէ: Իսկ մերոնք այդքանը գիտեն:

Ի՞նչ տեսք կունենար աշխարհի քարտեզը, ինչպիսի՞ն կլինեինք հայերս, եթե Ցեղասպանությունը չլիներ (հիմա ես ընտելացել եմ Մեծ Եղեռնի փոխարեն ասել Ցեղասպանություն, ինչպես ընտելացել եմ Մասիսի փոխարեն Արարատ ասել): Չեմ կարող ասել, նույնիսկ գոյությունս չեմ կարող պատկերացնել՝ որևէ եթե-ի դեպքում: Եթե-ն օտարն է՝ ուրիշը: Եթե-ն «այլմոլորակային» է:

Այն ամենը, ինչ պատահում է մեզ հետ կյանքում, մեզ դարձնում է մենք: Կարելի է ասել՝ կյանքում ոչինչ էլ չի պատահում, պարզապես ես շարունակ դառնում եմ ես: Անցյալից անընդհատ ապագա է կերտվում, ապագան շարունակ վերափոխում է անցյալի ընկալումը՝ ազդելով ավելի հեռավոր ապագայի վրա: Հայի, թուրքի, ցեղասպանության, Մասիսի, ես-ի, ուրիշի իմ ընկալումը հիմա այլ է, քան առաջ էր: Փոփոխությունները մի բան են հստակեցնում՝ այդ ամենը իմ մի մասնիկն է, ավելի ճիշտ՝ այդ ամենը ես եմ: Ինքս ինձնից, ինչպես հայտնի է, փախչել չեմ կարող: Ինչ-որ իմաստով ես Ցեղասպանություն եմ, ինչպես ձուկը Օվկիանոս է՝ ինչ-որ իմաստով:

Այս տարի ես որոշեցի չգնալ ջահերով երթին, և չգնացի: Նախորդ տարիներին որոշում էի չգնալ, և գնում էի: Տարեցտարի բազմանում են թուրքերին վառելու, նրանց ուտել-խմելու կոչերը, «աման-աման, թուրքի մաման» գոռացող կոկորդները, ավելի սուր հակադրությամբ են բևեռացվում հայն ու թուրքը: «Սաղ մենք ենք մեղավոր»-«սաղ իրանք արեցին» ծայրահեղությունները նույն կետին են ձգտում:

Տարեցտարի ժամանակը հեռացնում է Ցեղասպանությունը, խլում մեզ մեզնից: Մենք ընտելանում ենք Ցեղասպանության հեռավորությանը, ճանաչում-հատուցում-վրեժ անհույս հույսերով խորացնում օտարումը: Անխուսափելին անհնարին դարձնելու  անկարողությունը ստիպում է հավատալ ժամանակի ոչնչությանը կամ ամենազորությանը: Ցեղասպանությունը ու դրա հետ կապված ամեն ինչ,  չակնկալիքները ներառյալ, մեզ համար  գերբնականի բնույթ ունեն:     Ցեղասպանության հետ կապված մեր բոլոր ապրումների թաքուն մղումը մեկն է՝ դրա ժխտումը:    Ես «ուրախ» կլինեի, եթե Ցեղասպանությունը չլիներ, բայց կլինեի՞ ես արդյոք:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s