Թե ինչ մտապատահեց, երբ ես մոռացա պրոտոնի գոյության մասին


Տարրական էլեկտրական լիցքը կրողը էլեկտրոնն է: Էլեկտրոնի լիցքը բացասական է: Էլեկտրական հոսանքը էլեկտրոնների կարգավորված շարժումն է: Էլեկտրոնները բացասական բևեռից (որտեղ շատ են քանակով) շարժվում են դրական բևեռը (որտեղ ավելի քիչ են), և դրա արդյունքում առաջանում է էլեկտրական հոսանք: Էլեկտրական դաշտը նույնպես առաջանում է էլեկտրոնների շնորհիվ: Էլեկտրականությունը, այսպիսով, էլեկտրոնների գոյության հետևանք է, իսկ էլեկտրական դաշտը նյութապես կրողը էլեկտրոնն է:

charges_plus_minus_thumb.svg

Պոզիտրոնը ունի +e լիցք՝ մեծությամբ հավասար էլեկտրոնի լիցքին, նշանով՝ դրական: Մի րոպե, ի՞նչ է նշանակում՝ «ունի + լիցք»: Բնության մեջ «+» լիցք չկա: «+»-ի գաղափարն առաջանում է մարդու մտքում՝ էլեկտրոնների ավել և պակաս քանակությունները համեմատելով: Եթե մի տեղ ունենք 10 էլեկտրոն, իսկ մի ուրիշ տեղ՝ 5 էլեկտրոն, ապա այդ 5 էլեկտրոնը 10 էլեկտրոնի համեմատ ունեն +5e դրական լիցք:

Դրական լիցքը մաթեմատիկական աբստրակցիա է: Ներմուծելով դրական լիցքի գաղափարը՝ մաթեմատիկական մոդելի օգնությամբ տեսականորեն նկարագրում, կանխատեսում և փորձնականորեն ապացուցում ու բացահայտում ենք ֆիզիկական տարբեր երևույթներ: Լավ, իսկ պոզիտրոնի գոյությունը այդ դեպքում ո՞նց է հնարավոր դառնում: Ո՞նց կարող է պոզիտրոնը չունենալ մի բան, և այդ չունենալու արդյունքում համարվի, որ նա ունի մի չբան: Առհասարակ ատոմի գոյությունը ո՞նց է հնարավոր դառնում: Ինչպե՞ս կարող է ատոմը լինել էլեկտրաչեզոք համակարգ, եթե միակ լիցքակիրը էլեկտրոնն է: Նեյտրոնները ո՞նց են չեզոքացնում էլեկտրոններին: Ինչպե՞ս կարող է առհասարակ հնարավոր լինել նյութի գոյությունը: Ինչպե՞ս է, որ մինչև հիմա նման ոչ մի հարց չի առաջացել իմ գլխում: Անհնար է երևակայել, որ աշխարհն այդքան տարօրինակ է, իսկ ես՝ այդքան հիմար: Ու դպրոցից ի վեր նման հարց չեմ ունեցել: Ո՞նց կարելի է այդքան անհասկացող լինել: Ո՞նց մինչև հիմա մի ուրիշը նման բան չի մտածել:

PositronDiscovery

Պոզիտրոն

Ժամանակ չունեի փնտրել-կարդալու: Լարված աշխատանքի ընթացքի կարճ դադարներին երբեմն-երբեմն տանջում էր կիսատ մնացած միտքը: Չարչարվելով հիշողության քվանտային-քվարկային լաբիրինթոսում, գրեթե տառապելով մտքի անելանելի փակուղիներում՝ տուն հասա և նետվեցի հյուրա-ճաշա-հեռուստացույցասենյակ՝ կոպտորեն խախտելով բլոտի սրբազան-ներամփոփ սեանսը:

-Կներեք, բայց չեմ դիմանում, պիտի հարցնեմ: Պա՛, պոզիտրոնի գոյությունը ո՞նց ա հնարավոր: Ուզում եմ ասեմ՝ ի՞նչ ա նշանակում՝ էլեկտրոնի լիցքին հակառակ լիցք ունի, եթե նման բան չկա:

Խաղաթղթերի հովհարները բռնած չորս ձախ ձեռքերի մոտ անշարժացան հաղթաթուղթը նետելու պատրաստ չորս աջ ձեռքերը, չոլկայի, թրաշի, թրաշի բացակայության և ալեխառն մազերի չորս տարբեր աքսեսուարների ֆոնին չորս զույգ աչքեր սևեռվեցին աչքերիս:

— Ի՞նչ չկա:

— Դրական լիցք:

— Ո՞նց չկա:

— Դրակա՛ն էլեկտրակա՛ն լի՛ցք, չկա՛: Էլեկտրոնի լիցքը բացասական ա: Բա պոզիտրոնը ո՞նց կարա դրական լիցք ունենա: Այսինքն, ո՞նց ունի մի բան, որը գոյություն չունի: Բան չեմ հասկանում:

— Բա պրոտո՞նը:

— Պրոտո՞նը…

— Հա՛, պրոտոնը: Պրոտոնը դրական լիցքն ա:

— Ո՞նց,- շշմեցի-ոչնչացվեցի ես:

— Դրական լիցքը պրոտոնն ա: Ո՞նց պրոտոն չկա, տիեզերքի մեծ մասը պրոտոնից ա կազմված: Ատոմը…

Պերճախոսությամբ երբեք չեմ փայլել, բայց հաստատ պերճախոս տեսք ունեի, ինչը զրուցակիցներիս հիշեցնել տվեց, որ հաշիվներս մաքրված են և կարելի է վերադառնալ խաղին՝ ինձ թողնելով շվարած տարակուսանքում տապակվելու:

— Ղառը ղոզ:
Մի քանի ժամ անց, երբ խաղն ավարտվեց, պապաս մտավ սենյակս:

-Հո գրազ չէի՞ր եկել:

— Չէ… խոռոչները…

— Հա, կիսահաղորդիչների մեխանիզմով ես մտածել: Էդ դեպքում հասկանալի ա…

— Ըհը: Բայց…

— Կարևորը՝ գրազ չես եկել:

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s