Դեղատանը


— Մի հատ լողանալու օճառ տուր, էլի՛: Բայց չգիտեմ՝ որը։

— Ջոնսոնս բեյբի տար, լավն ա։

— Փափկացնող ա՞։

— Հա:

Ես նայում էի օճառների շարքին։

— DALAN, էդ ինչակա՞ն ա։ Մի հատ ցույց կտա՞ս, հետաքրքիր ա, էդ ինչա՞կան ա, որ անունը դալան ա։

— Սկսվե՜ց էլի, թուրքական ա՜, թուրքական չի՜՞,- օճառը դարակից հանելով՝ ասաց Գ-ն, հենց է՛լ թուրքական ա: Դուք ոնց որ ավանդապաշտ մշեցիներ լինեք․․․

— Մենք ավանդապաշտ մշեցի չենք,- գույնս գցեցի ես,- մեզ ավանդապաշտ․․․

— Մենք մենակ Թուրքիային ենք դեմ,- միացավ Ա-ն,- թե չէ հեչ էլ ավանդապաշտ չենք:

— Հա, թուրքական ապրանք չենք առնում․․․

— Չէ մի չէ՜,- հեգնեց Գ-ն, — հիմա ուզում ես ասես՝ հագդ թուրքական շոր չկա՞։

— Չէ, չկա:

— Էդ ո՞նց կլինի։

Ես դեռ մտովի ստուգում էի հագիս շորերը՝ շալվարս ամերիկյան է, ժակետիս վրա գրված է մադե ին դոմենիկե ռեսպուբլիկ, սիրելի գունեղ բլուզս, մեկ էլ տեսար, խայտառակ արեց՝ նվեր եմ ստացել Վրաստանից, որտեղ թուրքական ապրանքը շատ է,   ներքնազգեստիս կեսը ֆրանսիական է, կեսը՝ չինական, կոշիկներս․․․

— Ես է՞լ ինչ պիտի առնեմ, հիշի, էլի՛, հարսանիքի համար ինձ ի՞նչ ա պետք,- բզեց Ա-ն։

— Վա՜խ, հարսանի՞ք եք գնում,- ուրախացավ Գ-ն։

— Հա, ստիպված։

— Վայ, մարդ էլ ըտենց ասի, ես մի քանի օր առաջ հարսանիքի էի, էնքան լավ էր, էնքան լավ էր։

— Ի՞նչն էր լավ։

— Ո՞նց ինչը, հենց մենակ իրանց աչքերի պսպղոցը․․․

— Է՜, էդ քնեն-հելնեն անցնելու ա․․․

— Ի՜, էդքան շուտ չի անցնի, համ էլ սիրուն են մեր հարսանիքները, մեր ավանդույթները․․․

— Ի՞նչն ա սիրուն, որ։ Իմ ախպե՞րը։

— Էդ ո՞րն ա, էն իմ ախպե՜րը, ջան, ջան, ջան․․․զզվում եմ էդ երգից․․․ չէ, էդ տաշ֊տըմբըլը ես էլ չեմ սիրում, բայց լավ ավանդույթներ էլ կան։

— Ի՞նչ լավ ավանդույթ, օրինակ դու կարմիր խնձորը սիրո՞ւմ ես։

— Յա՜խք, զզվում եմ, դրա անունը մի տուր, դրանից ես էլ եմ տրաքվում, բայց, օրինակ, գիտե՞ս ինչն եմ սիրում, էն որ պապան աղջկան թևանցուկ տանում ա եկեղեցում․․․

— Ի՜, էդ հենց հայական չի, կաթոլիկների սովորությունն ա․․․

— Հա՞, վա՜յ, գիտե՞ս մեկ էլ ինչը չեմ սիրում, էն որ կանաչ-կարմիր են կապում, էդ ինչ ա մթոմ։

— Վայ, կոզբա՞նդը, ես էլ հենց էդ եմ սիրում, գիտե՞ս էդ ինչ ա նշանակում, կանաչը կնոջն ա խորհրդանշում, կարմիրը՝ տղամարդուն, ու որ դրանք կապում են, նշանակում ա՝ կինն ու տղամարդը հավերժ կապվում են։

— Հա՞՜, էդ ինչ լավ բան ասիր, ուրեմն ես անպայման կկապեմ իմ մարդուն, որ ամուսնանանք,- վճռեց Գ-ն,- անպայման կապել կտամ իրան,- կրկնեց նա,- բա որ սիրում ես, չէիր ուզի՞ մի հատ ըտենց հարսանիք անեիր, ես էլ կգայի, կպարեի․․․

— Է, դու էլ Ալայի նման ասիր, ասեց՝ ախչի՜՞, բա ե՞րբ ես ամուսնանում, գամ բոլ պարեմ, ասի՝ Ալա ջան, ես օրը կասեմ, դու քո համար կպարես, ես հարսանիք չեմ անելու․․․

— Հարսանիք չես անելո՞ւ,- զարմացավ Գ-ն,- բա ո՞նց ես ամուսնանալու։

— Ես չեմ ամուսնանալու․․․

— Իսոս։ Ո՞նց չես ամուսնանալու: Խի՞։

— Եսիմ: Դե մտածում եմ, որ չեմ ամուսնանա։ Իբր ի՞նչ։

— Ո՞նց թե ինչ,- շվարեց Գ-ն։

— Մենք ֆեմինիստ ենք,- կամաց ասացի ես:

— Ո՛ւյ, մա՛մա ջան,- ճակատը բռնեց Գ-ն,- քանի ձեզ լսում եմ՝ գլուխս ավելի ա խառնվում:

— Հա, մենք ֆեմինիստներ ենք,- հաստատեց Ա-ն ու անցավ շշուկի,- գիտե՞ս, մենք ոտ էլ չենք թրաշում։ Վա՜յ, լավ հիշեցի, մի հատ էլ բրիտվա տուր։

— Ո՞րից տամ։ Գալուբոյ ժիլե՞տ։

— Գալուբոյ չէ, հռոզվի,- բզեցի ես։

— Ո՛չ, հենց գալուբոյ էլ տուր, Սիրանուշ, դու մի մոռացի, որ մենք ավանդապաշտ չենք․․․

— Հա՜, ես էլ հավատացի, որ դուք չեք թրաշվում, ես ամեն ինչի շատ շուտ հավատում եմ, գիտե՞ք։- Գ-ն տոպրակի մեջ էր դնում ապրանքները։- Երեխեք, դուք որտեղի՞ց եք եկել։

— Լուսնից,- ուրախացա ես։

— Որտեղի՞ց, ե՞րբ այսինքն,- չհասկացավ Ա-ն։

— Դե, ուզում եմ ասեմ, դուք ըստեղից չեք, չէ՞։ Էջմիածնում չեք ծնվել։

— Չէ՜, Գ ջան, մենք ծնվել ենք Էջմիածնում, մեծացել ենք Էջմիածնում, ապրում ենք Էջմիածնում․․․

— Վա՜յ, ես միշտ մտածել եմ, որ դուք ուրիշ տեղից եք եկել․․․

— Ինչի՞։

— Եսիմ, տարբեր եք մի տեսակ․․․

— Կլինի՞ ես էս մասին գրեմ,- հեռախոսս վաճառասեղանին դնելով ու ժակետս հանելով՝ հարցրեցի ես։ Շոգեցի ծիծաղից։

— Գրի՛,- թուրքական գունեղ բլուզիս նայելով՝ ասաց Գ-ն,- հենց հիմա գրի՛:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է խառը կյանքից-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s