Սևսար֊Սևքար


Որոշեցի չալարել ու ամեն արշավից հետո մի քիչ պատմել: Այսինքն միշտ  որոշում եմ ու միշտ ալարում, բայց կփորձեմ գոնե առաջին ծիծեռնակին հասնել: Հուլիսի 14,  Սևքար:

ՀՀ֊ում Սևքար անունով առնվազն 5 գագաթ կա: Վարդենիսի լեռնահամակարգում՝ Արմաղան լեռան դիմաց գտնվող Սևքարը (3063) հայտնի է «Սևսարի երկնադիտարանով»՝ գրեթե չուսումնասիրված, միակը իր տեսակի մեջ: Ուզում էինք տեսնել երկնադիտարանը, հետո, եթե ժամանակն ու հնարավորությունները թույլ տային, բարձրանալ Սևքար:

Առաջին անգամ Սևսար գնացել էի Արևիի Գևորգի հետ՝ մոտ չորս տարի առաջ: Արմաղանից իջանք ու գնացինք երկնադիտարանը տեսնելու: Մայիսն էր, Սևքարը արդեն զարթնել էր ձմեռային տրամադրությունից, բայց դեռ զգացվում էին նուրբ կապույտների ու ձյուների երազները: Աչքս վրան մնաց: Որոշեցի, որ մի օր կվերադառնամ:

DSCN4506

Սևքարը 2014֊ի մայիսի 18-ին

Գուգլի քարտեզում Սևսարի տեղը նշված է․ սրամտորեն թե՞ անփութորեն՝ հասցեն Մայիսի 9֊ի փողոցում է տրված: Բայց տեղանքը ճիշտ էր: Ըստ դրա՝ իջանք խճուղուց դեպի Սևքար ուղիղ գծով ամենակարճ հեռավորությամբ  հատվածքում, մի քիչ հաց֊պանիր֊բանջարեղեն կերանք ու սկսեցինք գծել մեր ճանապարհը:

Անսպասելիորեն՝ ծաղկած սեզոնին էինք գնացել․ ծանոթ ու անծանոթ սիրուններ ու դեղաբույսեր՝ տեղ֊տեղ մետրի հասնող բարձրությամբ։

armaghan-sevkar

Արմաղանը Սևքարի ճամփից

Քարտեզը Սևսարի երկնադիտարանի ու մեր բռնած ուղղության միջև Գանձաքար գագաթ էր պատկերում՝ 2602 մ բարձրությամբ: Որոշեցինք քայլել այդ գծով, ընթացքում մի գագաթ էլ մեզնով անել 🙂

gandzakar-sevkar

Գանձաքարը, հետևում՝ Սևքարը

Սևքարին մոտիկ արդեն սկսեցին շրջանաձև քարային կուտակումներ ու քարասյուներ հանդիպել: Կապույտ ներկված, բետոնապատ առվի հանդիպեցինք՝ լրիվ ցամաքած:

Մի քիչ փնտրեցինք, մինչև գտանք տեղացիների ասած Նախշուն քարը․ ես ստույգ տեղը չէի հիշում, նավիգացիան էլ ուշացումով էր արձագանքում ուղղության փոփոխություններին: Հենց Սևքարի լանջի տակից սկիզբ առնող ձորակի ափին էր: Վաղ գարնանը կարելի է գնալ ստուգել՝ գոնե մի քիչ ջուր հոսո՞ւմ է երբեմն, թե՞ լրիվ ցամաքել է արդեն:

IMG_20180714_134223

Նաշխունը

Տարածքը մաքուր էր, միայն մի պլաստիկից բաժակ էր մի տեղ կորել֊մոլորվել (ճիշտ ճամփան ցույց տվեցինք):

IMG_20180714_145153

Հավանաբար ջուր (և ոչ թե օձ), Սևսարի մեծ քարի կողն է

Ա՜խ ու վա՜խ արեցինք, նկարեցինք, նկարվեցինք, կոֆե խմեցինք, խոսեցինք ու երազեցինք քարերի պատկերագրերերի ու զորության մասին, վերջապես վեր կացանք՝ Սևքարը բարձրանալու:

IMG_20180714_133743

Սևսարի երկնադիտարանը և Սևքար լեռը

Արդեն ուշ էր․ որոշեցինք, որ կբարձրանանք երևացող լանջով, հետո կկողմորոշվենք՝ աջ թե ձախ բարձունքը հաղթահարենք: Լանջի հետևից երևացող կողն ասում էր, որ որոշակի խորությամբ խառնարան կա, բայց խառնարանն իջնելու կամ գագաթի ճիշտ կետը փնտրելու ժամանակ երևի թե չէինք ունենա:

Կակաչներ կային սարի փեշերին․ ճամփին չէին հանդիպել: Ջուր խորհրդանշող երկու  ժայռապատկեր էլ տեսանք․ լավ փնտրելու դեպքում երևի էլի կգտնվեն:

IMG_20180714_150230

ջո՜ւր

hdr

Վերելք

Իսկ գագաթը, ավելի ճիշտ՝ մերձգագաթային հատվածը, լիքն էր իմ համար նորահայտ սպիտակավուն֊վարդագունոտ հրաշքներով: Հետո վիքիՄհերն ու վիքիՎոլոդյան կպարզեն, որ անունը ճթիկ ցանցավոր է:

IMG_20180714_170249

Ճթիկ ցանցավոր

Գուներանգ մանրիկ քարերի ու սև ավազի մեջից բխած անհաշիվ ծաղիկներ․ այդ էր Սևքարը: Գագաթին էլ սատանի պես սև, տաք օխրայով ծաղկած քարերով կույտ էր հավաքած:

IMG_20180714_165532

Քայլեցինք 7 ժամ և 38 րոպե, անցանք 12․34 կմ, բարձրացանք 792 մ, իջանք 792 մ:  Բայց, ինչպես երևում է թրեքից, գագաթին չհասանք:  Մյուս անգամ:

Սպասի ու մենք կգանք, մենք սպասում ենք, որ գանք:

IMG_20180714_163704

Advertisements
Այս նյութը հրատարակվել է արշավական-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s