Գիշերը քնելուց առաջ


Գիշերը քնելուց առաջ ես նայում էի լուսնին:
Եթե լուսինը չկար՝ ամպերին:
Եթե ամպերը չկային՝ աստղերին:
Սիրում էի ծանոթ աստղերին դիմել անունով՝
Ռիգել, Ալտաիր, Վեգա, Միցար,
Երևակայել, որ դու էլ ես նայում նույն աստղերին,
Պատկերացնել, որ նույն լույսն է մեր աչքերը լցվում,
Մտածել, որ կապված ենք ընդհանուր լույսով,
Որ մեր ընդհանուրը լույսն է՝
Հեռու աստղերի մասնիկ լույսը…
Երևի, չնայած, չգիտեմ՝
Երբևէ նայե՞լ ես աստղերին
Քնելուց առաջ, երբ ամպերը չկային,
Երբ լուսինը չկար:

Գիշերը քնելուց առաջ…
Բայց հիմա գիշերը էլ չեմ քնում:
Համարյա չեմ քնում:
Լավ չեմ քնում:

Գիշերը նախևառաջ նայում եմ էկրանին՝
Անկախ լուսնի լինել-չլինելուց,
Անկախ ամպերից, աստղերից:
Համարյա նույն էկրանն է՝ տարբեր անուններով՝
Ֆեյսբուք, ինստագրամ, թվիթեր, տելեգրամ:
Սիրում եմ նայել էկրանին ու մտածել քո մասին,
Ստուգել, թե վերջին անգամ ե՞րբ ես եղել առցանց:
Մտքում բարի գիշեր ասել, թե ցանցում չես:
Թե առցանց ես լինում՝
Կանաչ փոքրիկ շրջանակի տեսքից
Հուզվում եմ ու քնքշությամբ լցվում:
Շրջանակը ոնց որ լուսամուտդ լինի՝
Մութ տան պատերիդ միայնակ վառվող,
Ճիշտ է, որ առաջվա պես անթափանց վարագույր կա,
Բայց գոնե գիտեմ, թե ուր ես նայում:
Կարող է՝ երբեք միասին չենք նայել աստղերին
(թեկուզ իրարից անկախ),
Բայց գոնե նայում ենք էկրանին
(թեկուզ իրար չտեսնելու տալով):
Ու գոնե հիմա հաստատ գիտեմ այդ մասին՝
Մեզ բաժանող էկրանի մասին:

Այս նյութը հրատարակվել է ձեռագիր, պոեզիա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s