Որոշեցի չալարել ու ամեն արշավից հետո մի քիչ պատմել: Այսինքն միշտ որոշում եմ ու միշտ ալարում, բայց կփորձեմ գոնե առաջին ծիծեռնակին հասնել: Հուլիսի 14, Սևքար:
ՀՀ֊ում Սևքար անունով առնվազն 5 գագաթ կա: Վարդենիսի լեռնահամակարգում՝ Արմաղան լեռան դիմաց գտնվող Սևքարը (3063) հայտնի է «Սևսարի երկնադիտարանով»՝ գրեթե չուսումնասիրված, միակը իր տեսակի մեջ: Ուզում էինք տեսնել երկնադիտարանը, հետո, եթե ժամանակն ու հնարավորությունները թույլ տային, բարձրանալ Սևքար:
Առաջին անգամ Սևսար գնացել էի Արևիի Գևորգի հետ՝ մոտ չորս տարի առաջ: Արմաղանից իջանք ու գնացինք երկնադիտարանը տեսնելու: Մայիսն էր, Սևքարը արդեն զարթնել էր ձմեռային տրամադրությունից, բայց դեռ զգացվում էին նուրբ կապույտների ու ձյուների երազները: Աչքս վրան մնաց: Որոշեցի, որ մի օր կվերադառնամ:

Սևքարը 2014֊ի մայիսի 18-ին
Գուգլի քարտեզում Սևսարի տեղը նշված է․ սրամտորեն թե՞ անփութորեն՝ հասցեն Մայիսի 9֊ի փողոցում է տրված: Բայց տեղանքը ճիշտ էր: Ըստ դրա՝ իջանք խճուղուց դեպի Սևքար ուղիղ գծով ամենակարճ հեռավորությամբ հատվածքում, մի քիչ հաց֊պանիր֊բանջարեղեն կերանք ու սկսեցինք գծել մեր ճանապարհը:
Անսպասելիորեն՝ ծաղկած սեզոնին էինք գնացել․ ծանոթ ու անծանոթ սիրուններ ու դեղաբույսեր՝ տեղ֊տեղ մետրի հասնող բարձրությամբ։

Արմաղանը Սևքարի ճամփից
Քարտեզը Սևսարի երկնադիտարանի ու մեր բռնած ուղղության միջև Գանձաքար գագաթ էր պատկերում՝ 2602 մ բարձրությամբ: Որոշեցինք քայլել այդ գծով, ընթացքում մի գագաթ էլ մեզնով անել 🙂

Գանձաքարը, հետևում՝ Սևքարը
Սևքարին մոտիկ արդեն սկսեցին շրջանաձև քարային կուտակումներ ու քարասյուներ հանդիպել: Կապույտ ներկված, բետոնապատ առվի հանդիպեցինք՝ լրիվ ցամաքած:
Մի քիչ փնտրեցինք, մինչև գտանք տեղացիների ասած Նախշուն քարը․ ես ստույգ տեղը չէի հիշում, նավիգացիան էլ ուշացումով էր արձագանքում ուղղության փոփոխություններին: Հենց Սևքարի լանջի տակից սկիզբ առնող ձորակի ափին էր: Վաղ գարնանը կարելի է գնալ ստուգել՝ գոնե մի քիչ ջուր հոսո՞ւմ է երբեմն, թե՞ լրիվ ցամաքել է արդեն:

Նաշխունը
Տարածքը մաքուր էր, միայն մի պլաստիկից բաժակ էր մի տեղ կորել֊մոլորվել (ճիշտ ճամփան ցույց տվեցինք):

Հավանաբար ջուր (և ոչ թե օձ), Սևսարի մեծ քարի կողն է
Ա՜խ ու վա՜խ արեցինք, նկարեցինք, նկարվեցինք, կոֆե խմեցինք, խոսեցինք ու երազեցինք քարերի պատկերագրերերի ու զորության մասին, վերջապես վեր կացանք՝ Սևքարը բարձրանալու:

Սևսարի երկնադիտարանը և Սևքար լեռը
Արդեն ուշ էր․ որոշեցինք, որ կբարձրանանք երևացող լանջով, հետո կկողմորոշվենք՝ աջ թե ձախ բարձունքը հաղթահարենք: Լանջի հետևից երևացող կողն ասում էր, որ որոշակի խորությամբ խառնարան կա, բայց խառնարանն իջնելու կամ գագաթի ճիշտ կետը փնտրելու ժամանակ երևի թե չէինք ունենա:
Կակաչներ կային սարի փեշերին․ ճամփին չէին հանդիպել: Ջուր խորհրդանշող երկու ժայռապատկեր էլ տեսանք․ լավ փնտրելու դեպքում երևի էլի կգտնվեն:

ջո՜ւր

Վերելք
Իսկ գագաթը, ավելի ճիշտ՝ մերձգագաթային հատվածը, լիքն էր իմ համար նորահայտ սպիտակավուն֊վարդագունոտ հրաշքներով: Հետո վիքիՄհերն ու վիքիՎոլոդյան կպարզեն, որ անունը ճթիկ ցանցավոր է:

Ճթիկ ցանցավոր
Գուներանգ մանրիկ քարերի ու սև ավազի մեջից բխած անհաշիվ ծաղիկներ․ այդ էր Սևքարը: Գագաթին էլ սատանի պես սև, տաք օխրայով ծաղկած քարերով կույտ էր հավաքած:

Քայլեցինք 7 ժամ և 38 րոպե, անցանք 12․34 կմ, բարձրացանք 792 մ, իջանք 792 մ: Բայց, ինչպես երևում է թրեքից, գագաթին չհասանք: Մյուս անգամ:
Սպասի ու մենք կգանք, մենք սպասում ենք, որ գանք:
